HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանված փաստաբանի քույրը նույնպես հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից

Երեկ` մարտի 11-ին, կայացած փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դատաքննությանը, մեղադրող դատախազ Սերգեյ Մարաբյանի միջնորդության համաձայն, դատարանը առերես հարցաքննեց վկաներ Հասմիկ Մանուչարյանին և Հայկ Ասլիկյանին:

Առերեսման ժամանակ փաստաբանի սպանության ականատես միակ վկան` զինվորական ծառայության մեջ գտնվող Հայկ Ասլիկյանը, պատասխանելով մեղադրող Սերգեյ Մարաբյանի հարցին, հայտարարեց, որ երբ գնացել է բանակ, սկսել է ավելի սառը դատել, այդ պատճառով էլ վերցրել է փաստաբան, որպեսզի իր հետագա քայլերը ավելի ճիշտ լինեն: Մեղադրողը բացատրություն պահանջեց վկայից քննչական մարմիններին տրված նախաքննական ցուցմունքները փոխելու նպատակով բանակում փաստաբան վերցնելու համար: Դրան ի պատասխան վկան կրկնեց իր հայտարարությունը. «Այո, փաստաբան վերցրի, որպեսզի փոխեմ իմ նախաքննական ցուցմունքը»: Այսուհանդերձ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Մարաբյանին չհետաքրքրեց, թե վկան, ով նաև տուժող Շարբաթյանի հարազատ քրոջ հարազատ որդին է, ինչու հենց բանակում որոշեց հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից:

Հիշեցնենք, որ զինվոր Հայկ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքները փոխելուց անմիջապես հետո դատարանում իրենց նախաքննական ցուցմունքներից կտրականապես հրաժարվել են զինվորի մայրը` Անժելա Ասլիկյանը, և քույրը` Տաթևիկ Ասլիկյանը: Երեկ դատարանում Հայկ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքների հետ առնչվող իր ցուցմունքներից ամեն գնով հրաժարվում էր նաև մորաքույրը` Հասմիկ Մանուչարյանը:

«Նախորդ դատական նիստին Դուք նշեցիք, որ Հայկ Ասլիկյանն է ձեզ ներկայացրել գործի հանգամանքերը, մասնավորապես, որ դեպքի վայրում գտնվել են Արեն և Արտակ Վերանյանները ու Սամվել Դիլոյանը, և երեքի մաասնակցությամբ է տեղի ունեցել սպանությունը: Դուք պնդու՞մ եք Ձեր ասածը»,- վկա Մանուչարյանին դիմեց մեղադրողը: Վկան պատասխանեց, որ հիմա չի կարող հիշել, թե այդ պահին ինչ է եղել, սակայն վստահաբար ասաց, որ Հայկը իրեն այնտեղ ոչ մի բան չի պատմել: «Սա Ձե՞ր ցուցմունքն է»,- վկային իր նախաքննական ցուցմունքը ցույց տվեց մեղադրողը: «Հա, դա իմ ցուցմունքն է»,- պատասխանեց վկան:

Դատարանը կրկին հրապարկեց 2012 թ.-ի դեկտեմբերի 3-ի հարցաքննության արձանագրության այն հատվածը, որտեղ Հ. Մանուչարյանը հայտնել էր. «Զրուցել եմ նաև Հայկի հետ, որը հաստատել է Խլղաթյանի ասած տեղեկությունը, ավելացնելով, որ եղբորս ռեստորանի բակում դաժան ծեծի են ենթարկել մի խումբ տղաներ, կոնկրետ քանակ չասաց, բայց հաստատեց, որ ծեծողների մեջ եղել են Արտակը, Չուգունը և Դիլոյանը: Հայկն ինձ ասաց, որ խառը հարվածում էին եղբորս, ինձ չի հայտնել, թե նրանցից ով Սամվելի մարմնի կոնկրետ որ հատվածին է հարվածել»: Հասմիկ Մանուչարյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո մեղադրող Մարաբյանը դիմեց վկա Հայկ Ասլիկյանի. «Ձեր մորաքույրը իր այս ցուցմունքում ասում է, որ Դուք տեսել եք էդ ամեն ինչը և իրեն պատմել եք: Ի՞նչ կասեք Դուք այս մասին, որովհետև Ձեր դատաքննության ցուցմունքով դուք հրաժարվել եք Ձեր նախաքննական ցուցմունքներից և դատաքննության ընթացքում տվել եք այլ ցուցմունքներ»:

Հայկ Ասլիկյանը մեղադրողին պատասխանեց, որ ամեն անգամ իրեն հարցաքննելուց հետո տարբերության պատճառով նորից տանում էին հարցաքննության, որը իրեն համար տհաճ է եղել: «Դրա համար նույն բանն եմ պատմել իմ հարազատներին, որպեսզի տարբերություն չտա և հաջորդ անգամ չգամ դատարան»,- ասաց վկան: «Ինչո՞վ էր պայմանավորված նախաքննության ընթացքում մանրամասնությամբ տրված Ձեր ցուցմունքներից դատարանում հրաժարվելը: Եկեք ներկայացրեք իրականությունը, էն ինչ որ իրականում եղել է: 10 անգամ նախաքննական ցուցմունք եք տվել, որը հաստատել է նաև Ձեր մորաքույրը»,- վկային դիմեց մեղադրողը: «10 անգամ ցուցմունք տվել եմ ընդամենը մի 20-25 օրվա ընթացքում ու էդ ընթացքում ես միշտ այդ գործի մեջ եմ եղել, ես չեմ կարողացել վերականգնվեմ ու իմ մտքերը ի մի բերեմ, էդ պատճառով անընդհատ նույն ցուցմունքը գրվել է: Սկզբնական ցուցմունքն էլ դեպքից անմիջապես հետո է եղել, ես չեմ ուզեցել էդ հարցերին պատասխանեմ»,- ասաց վկամն:

«Իմիջիայլոց, քննիչը, ով առաջնային վկաներից մեկին դեպքից կես ժամ հետո հարցաքննում էր, արդեն ինքը գիտեր, թե ովքեր են ներկա եղել, ինքը թելադրում էր, դու էլ գրում էիր»,- վկային ակնարկներ արեց մեղադրողը: «Չէր թելադրում, ես հենց սկզբից էլ որ մտել եմ ոստիկանության բաժանմունք, ասել եմ, որ այդ դեպքին եղել են Դիլոյանն ու Արտակը»,- նշեց Ասլիկյանը: Վկան դատարանում հայտարարեց, որ Սամվել Շարբաթյանի հուղարկավորությունից հետո է քեռու ընտանիքի անդամներին ու իր մյուս հարազատներին պատմել սպանության հանգամանքերի մասին: Սակայն ասաց, որ չի հիշում իր մորաքույրը՝ վկա Հասմիկ Մանուչարյանը, այնտեղ եղել է, թե ոչ:

Այսուհանդերձ դատավոր Հովակիմյանի և մեղադրող Մարաբյանի՝ դատական նիստի ընթացքում առաջադրված բոլոր հարցերին Հասմիկ Մանուչարյանը միանշանակ պատասխանում էր, որ Հայկը իրեն ոչինչ չի ասել: «Բնականաբար, էս իրավիճակում մենք ընդամենը խնդիր ունենք գնահատել նրանց ցուցմունքները և այլևս առերեսումը շարունակելու անհրաժեշտություն չկա»,- միջնորդեց մեղադրող Մարադյանը: Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նույնպես ակնհայտ համարեց հակասությունը և համաձայնեց մեղադրողի միջնորդությանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 25-ին: