
15 տարի ազատազրկման դատապարտվեց Կ. Եսայանի սպանության համար մեղադրվող Հ. Սարգսյանը
Ավարտվեց Կարեն Եսայանի սպանության գործով 1 տարի եւ 3 ամիս տեւած դատաքննությունը:
Դատավոր Մարտին Սարոյանն այսօր հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը: Դատարանը բավարարեց մեղադրող Արմեն Մարուխյանի միջնորդությունը եւ Հարություն Սարգսյանի նկատմամբ նշանակեց պատիժ ազատազրկման ձեւով՝ 15 տարի ժամկետով: Դատավճռի հրապարակմանը ներկա չէին ոչ մեղադրող կողմը, ոչ տուժող կողմի ներկայացուցիչները, ոչ պաշտպանական կողմը: Երեւանից, ԱԱԾ-ի մեկուսարանից Գյումրի չէր տեղափոխվել նաեւ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը:
Դրա փոխարեն նիստերի դահլիճում գտնվող դատական կարգադրիչների թիվն անցնում էր մեկ տասնյակը: Ընդհարում ամբաստանյալի եւ տուժող կողմի ներկայացուցիչների միջեւ չեղավ, դրա փոխարեն դահլիճում չէր դադարում աղմուկը՝ սկսած այն պահից, երբ դատավորը հայտարարեց, որ ապացուցված է համարում Հարություն Սարգսյանի մեղքը եւ նշեց պատժաչափը:
Հարություն Սարգսյանի հարազատները դատական ողջ գործընթացն համարեցին պատվիրված, իսկ դատավորին՝ կաշառված՝ նշելով, որ առաջին ատյանի վճիռն իրենք բողոքարկելու են: Ամբաստանյալն, ով այսօր ներկա չէր վճռի հրապարակմանը, շարունակում է հացադուլը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել