HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը և IFC-ի ներկայացուցիչները քննարկել են համատեղ ծրագրերը

Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության ընթացքից և կարևորել դրա հետագա խորացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են պետություն-մասնավոր հատված համագործակցության (PPP) շրջանակում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերին ՄՖԿ-ի հնարավոր մասնակցության հարցին: Այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է:

Մասնավորապես, նա նշել է, որ ՀՀ կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով ձեռք է բերվելու պրոտոնային արագացուցիչ` ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն հիմնելու նպատակով:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը վկայում է գիտական ներուժի կիրառման մասին և հնարավորություն կտա արդիականացնել առողջապահության ոլորտը: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն։

Թոմաս Լյուբեքը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում է ՀՀ կառավարությանը տնտեսական բարեփոխումների հարցում: 

Հանդիպման ընթացքում արծարծվել է Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման գործում կորպորացիայի հնարավոր օժանդակության հարցը: Այս առնչությամբ հյուրերը վարչապետին են ներկայացրել տարբեր երկրներում ՄՖԿ-ի աջակցությամբ նմանատիպ ծրագրերի իրականացման փորձը:

Քննարկվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում «Doing Business»-ի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` միտված հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter