ԱՐՄԵՆԱԼ-ի թափոնների պահման տեղամասը հավանության է արժանացել
ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը հայտնում է, որ գործարանում անցկացվել են հասարակական լսումներ՝ ձեռնարկության արդյունաբերական թափոնների պահման տեղամասի նախագծի վերաբերյալ: Միջազգային ստանդարտներին համապատասխան մշակված նախագիծը արժանացել է շահագրգիռ կողմերի հավանությանը և փոխանցվել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համաձայնեցմանը:
3300 քմ մակերեսով տեղամասը գտնվում է ԱՐՄԵՆԱԼ-ի տարածքում: Այստեղ 10 տարիների ընթացքում կարող են առանձին պահվել փայլաթիթեղագլանման արտադրության թափոնները, որոնցում չեն օգտագործվում թունավոր նյութեր: Տեղամասը պարսպատվելու է մինչև 3 մ բարձրությամբ բետոնե պատերով, ինչը առավելագույն չափով կնվազեցնի թափոնների փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ: Այդ նպատակին է ծառայում նաև տեղամասի հոսքաջրերի հեռացման համակարգով հագեցած ասֆալտե հատակը:
Նախագիծը մշակված է «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջներին: Նախագծի հեղիանակները նախատեսել են, որ հետագայում ԱՐՄԵՆԱԼ-ի արդյունաբերական թափոնները հեռացվելու են հանրապետական մասնագիտացված պոլիգոն՝ վերամշակման և օգտահանման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել