
Ինչու Ծառուկյանը Իվանիշվիլի չի դառնա
Քաղաքականապես ակտիվ հասարակությունն իրեն «տանջում» է այն հարցի շուրջ, թե կդառնա՞ արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայկական Իվանիշվիլի: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այդ գլուխկոտրուկի հեղինակն է, համոզում է, որ հայկական Իվանիշվիլի կարող է լինել միայն Ծառուկյանը: Վերջինս կարծես սկսել է լրջորեն հավատալ դրան: Արդեն մի քանի օր է` նրա գլխավորությամբ ԲՀԿ ակտիվը կոնսուլտացիաներ է անցկացնում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներից հետո դրա մասնակիցները հայտարարում են, թե քննարկվում են երկիրը սոցիալ-տնտեսական ներայիս վիճակից հանելու մեխանիզմները, որոնց թվում կարծես չի շրջանցվում նաև իշխանության փոփոխության թեման:
Սակայն որքան էլ Ծառուկյանին ներշնչեն, որ հենց ինքն է հայկական Իվանիշվիլին ու որքան էլ վերջինս դրան հավատա, նա երբեք Բիձինա Իվանիշվիլի չի դառնա: Պատճառը միայն այն չէ, որ Ծառուկյանն օլիգարխ է դարձել և իր հսկայական կապիտալն ու ունեցվածքը կուտակել է Հայաստանում, իսկ Վրաստանի նախկին վարչապետը` իր հայրենիքից դուրս: Դա նույնիսկ երկրորդական է: Ոչ մի նշանակություն չունի` դրսում կուտակած միջոցնե՞րն են ներդրվում սեփական երկրում հեղափոխության միջոցով կյանքը փոխելու և բարելավելու գործում, թե՞` ներսում: Իսկ եթե խնդիրը հեղափոխական գործունեության հետևանքով երկրի ներսում ունեցած կապիտալի ապահովությունն ու սեփականության անձեռնմխելիությունը ռիսկի ենթարկելն է, ապա միշտ էլ կարելի է այդ խնդիրը ժամանակավորապես լուծել կապիտալն արտահանելով, ինչն, ի դեպ, Ծառուկյանից օտար երևույթ չէ: Իրականում կան դրանից շատ ավելի խորքային պատճառներ ու գործոններ, որոնք երբեք թույլ չեն տա Ծառուկյանին դառնալու նոր Իվանիշվիլի:
- ԲՀԿ ձևավորվել ու կայացել է` բոլորովին էլ ոչ ընդդիմադիր լինելու համար: Այս կուսակցությունն իր կարճատև կենսագրության ընթացքում երբեք ընդդիմադիր չի եղել ու պատահական չէ, որ անգամ իվանիշվիլիական հովերով տարված լինելու պարագայում կուսակցության լիդերը չի համարձակվում ԲՀԿ-ն հռչակել ընդդիմադիր: Առավելագույն խնդիրը, որը կարող է լուծել նման կուսակցությունը, իշխանության մաս լինելն է, գուցե նաև իշխանության մեջ փայաբաժինն անընդհատ մեծացնելով` ի վերջո ամբողջական իշխանություն ձեռք բերելը: Բայց դա արդեն ոչ թե որակապես նոր իշխանություն կարող է լինել, այլ հնի մոդիֆիկացված տարբերակը, որտեղ փոփոխելի են միայն դերակատարները: Այս ճանապարհով երբեք հնարավոր չէ իշխանության համակարգային փոփոխոթւյուն իրականացնել: Իսկ Իվանիշվիլին Վրաստանում հրապարակ իջավ` բացառապես որակական իշխանափոխության նպատակադրմամբ: Նրա ղեկավարած շարժումը ձևավորվեց ու կայացավ որպես արմատական ընդդիմադիր ուժ, որի հիմնական ռեսուրսը հանրային լայն վստահությունն ու աջակցությունն է:
- Վերոնշյալով պայմանավորված` Իվանիշվիլին իր կուսակցությունը չդարձրեց մանր ու միջին օլիգարխների հարմարավետ օրորոց: Մինչդեռ Ծառուկյանը նպատակամղված իր կուսակցությունը հենց այդ շրջանակների համար դարձրեց տաքուկ անկյուն, որտեղից ի դեմս Ծառուկյանի և ԲՀԿ-ի` այդ տարրը տեսնում է ոչ թե քաղաքական ամբիցիոզ ուժերի, այլ ընդամենը հարթակ, որտեղից կարող են իշխանությունում մուտքուելք ապահովելով ապահովագրել իրենց բիզնեսը: Հարմարվողական և ապագաղափարական այդ հանրույթը առավելագույնը կարող է լուծել ընտրություններում ԲՀԿ-ի համար ձայներ առնելու խնդիրը: Նրանք ոչ իրենց ու ոչ էլ ԲՀԿ-ն չեն տեսնում նախ բարեփոխիչների, առավելևս հեղափոխականների դերում: Ու որքան այս տարրը ամուր է նստած ԲՀԿ-ի նավակում, այնքան կաշկանդված է նավապետը, որը չի կարող նման բոցմաններով ու նավաստիներով դուրս գալ «իններորդ ալիքի» դեմ, այն պարզ պատճառով, որ խորտակվելու իրական կամ նույնիսկ թվացյալ հավանականության պարագայում առաջինը հայտնի կենդանիների նման նրանք են լքելու նավակը և դրանով հարվածելու լիդերի և կուսակցության թիկունքից:
- Իվանիշվիլին խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել արդար ու թափանցիկ ընտրությունների մասին վերամբարձ հայտարարություններ անելով, հետո էլ իշխանական ուժին հավասար, զուգահեռ և հրապարակայնորեն ընտրաձայներ գնելով: Նա այդպես չի վարվել, որովհետև ոչ թե ստացած քվեն իշխանության հետ` պորտֆելների համար գործարքներում օգտագործելու խնդիր էր դրել, այլ քաղաքացուն իր ձայնի տերն ու պատասխանատուն դարձնելու, նրա մարդկային ու քաղաքացիական արժանապատվությունը ներքուստ գնահատված զգալ տալու: Իվանիշվիլին խորհրդարանական ընտրությունների նախօրեին չի հայտարարել ընտրական զեղծարարությունների, ապօրինությունների և կեղծումների դեմ անողոք պայքարելու մասին և ապա ընտրություններից հետո այն կեղծված համարելուվ հանդերձ հրաժարվել արդյունքները չճանաչելուց և բողոքարկելուց:
- Ընտրություններից առաջ նա չի մտածել առաջադրվել-չառաջադրվելու, այսինքն իշխանության իրական կրողի` նախագահի և նրա թիմի դեմ ճակատամարտ տալու երկընտրանքի մասին, հետո էլ հրաժարվել թե ընտրություններին մասնակցելուց և թե որևէ այլ թեկնածուի պաշտպանելուց: Այդպիսով Իվանիշվիլին բոլոր պայմանները չի ստեղծել իշխանության վերարտադրության և ընտրական պրոցեսը գործնականում անվերահսկելի դարձնելու համար:
- Դժվար է պատկերացնել, որ Իվանիշվիլին կարող էր իշխանափոխությունը նեղացնել և իջեցնել զուտ վարչապետի փոփոխության մակարդակի` հասարակության հետ տունտունիկ խաղալով և համոզելով, թե առկա սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի միակ պատասխանատուն բացառապես ու անձամբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն է: Մինչդեռ Ծառուկյանի կուսակցությունը փորձում է համոզել, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել ոչ ավել ոչ պակաս` քաղաքական և հասարակական կոնսոլիդացիայի և ներկայացնել նոր, այլընտրանքային սոցիալ-տնտեսական, քաղաքական օրակարգ: Փաստորեն օրակարգն ու հասարակության համախմբումն անհրաժեշտ է միայն նրա համար, որ «նախագահ ջան»-ը ստիպված լինի փոխել վարչապետին: Այլ կերպ սա կոչվում է ոչ միայն ջայլամի կեցվածք, այլ նաև քաղաքական ու հասարակական էներգիան, ներուժը փոշիացնել` ձեռքի հետ լեգիտիմացնելով ՀՀԿ-ական իշխանությունը և նրա կողմից վարվող ընդհանուր քաղաքական կուրսը:
- Իվանիշվիլին քաղաքականություն մտավ մաքսիմալ և մինիմալ հստակ ծրագրերով, որոնցից պարզ երևում էր թե ինչպես է կատարվելու իշխանափոխությունը: Դրան մեծապես նպաստեց նաև գործող նախագահի` Միխեիլ Սահակաշվիլու քաղաքական պարտությունն ընդունելու արժանապատիվ կեցվածքը, որը երկիրը զերծ պահեց ցնցումներից ու գուցե նաև քաղաքացիական պատերազմի վտանգից: Մինչդեռ Հայաստանում մի կողմից գործող իշխանություններից նման պահվածքի սպասելիք չի կարող լինել, իսկ մյուս կողմից հասկանալի չէ`որոնք են Ծառուկյանի մինիմալ և մաքսիմալ ծրագրերը: Արդյոք նա արտահերթ պրոցեսների՞ կողմնակից է, թե՞ հերթական ընտրություններով պայմանավորված սահուն և դանդաղ գործողությունների, նախագահի իմպիչմենտի հարց ընդհանրապես դիտարկու՞մ է, ճանապարհը տեսնում է արտահերթ խորհրդարանակա՞ն ընտրություններ պարտադելով, թե՞ քաղաքացիական անհնազանդությա՞ն, թե՞ բոլոր դեպքերում իշխանություն սողոսկելով ու լծակների ձեռբերմամբ հանդարտ հեղաշրջում իրականացնելով: Իսկ գուցե խնդիրը բոլորովին էլ իշխանափոխությունը չէ՞: Ծառուկյանը հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա է նախաձեռնում` առանց այս առանցքային հարցերի պատասխանը հստակեցնելու: Սա ոչ միայն զուտ համարձակության, այլ նաև քաղաքական հմտության, փորձառության, խարիզմատիկ լիդեր լինելու բնատուր հատկանիշների բացակայության խնդիր է:
Այս ակնհայտ տարբերությունները հաշվի առնելով` իսկապես հարց է առաջանում. Ո՞րն է Ծառուկյանից ազգային փրկչի կերպար կերտելու իրական նպատակը: Շատերը և հատկապես Ծառուկյանի և Իվանիշվիլիի միջև նմանություններ գտնելու խայծ նետող ուժերը գուցե մտածում են նրա միջոցով ինքնադրսևորվելու, գուցե նաև նրան գործիք դարձնելու մասին: Սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ սովորաբար տեղի է ունենում ճիշտ հակառակը: Ծառուկյանի կերպարը դարձել է այն ձևախեղված սահադաշտը, որտեղ նույն այդ շրջանակները շարունակ սայթաքում են տարատեսակ քաղաքական անհաջող «տուլուպներ» և «ակսելներ» կատարելիս:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել