
Կառավարությունը սկսել է համարակալել և անձնագրավորել անասուններին
2012թ. վերջին ՀՀ վարչապետի որոշմամբ` խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիր է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզում: Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ է մուտքագրվել մարզի կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը` 23 հազար 98 գլուխ: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով` ՀՀ կառավարությունն այսօր որոշել է ծրագիրն իրականացնել ամբողջ երկրում: Իբրև սկիզբ` ենթադրվում է ձեռք բերել կենդանու ականջապիտակը, դակող գործիքը, անձնագիրը, գրանցամատյանները, տվյալների պահման սերվերը, համայնքներում նշանակել սպասարկող անասնաբույժներ, կնքել աշխատանքային պայմանագրեր և այլն:
Մեկնաբանել