HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գյուղ եմ եկել, մի գառ եմ տեսել, վախեցել, անկյուն եմ փնտրել, որ մտնեմ. հիմա գառ էլ եմ պահում, կով էլ, ոչխար էլ»

Անձրև էր գալիս, օրն էլ մթնում էր: Արարատի մարզի Ռանչպար գյուղից շտապում էինք հասնել Երևան, երբ գյուղի վերջում՝ ճանապարհի եզրին, նկատեցինք դաշտում աշխատող ամուսիններին, որոնք փայտ էին կոտրում: Ուշադրություն չդարձնելով եղանակի կամակորություններին՝ Իշխան Առաքելյանը բարդու ճյուղերը սղոցով կտրատել, լցրել էր գետնին, իսկ կինը՝ 66-ամյա Սվետլանա Առաքելյանը, դրանք կացնով մանրացնում էր, բարակ ճյուղերն առանձնացնում և ուսի վրա դրած՝ հողամասի մի ծայրից տեղափոխում էր մյուս ծայրը:

Տեսնելով հյուրերին՝ ամուսինները կանգնեցին: Սվետլանա Առաքելյանն ուղղեց կռացած մեջքը և շունչը տեղը բերելով՝ ժպիտով ողջունեց մեզ: Նա ասաց, որ մինչև սղոցած ճյուղերը չմանրացնեն, հողը դրանցից չմաքրեն, տուն չեն գնա: Պատմեց, որ ճյուղերը կտրել են, որպեսզի բարդիները երիտասարդանան, նոր շիվեր տան: Ճյուղերի մի մասը հիմա են վառելու, իսկ մնացած մասը պահելու են ձմռան համար:

Նա պատմեց, որ արմատներով ղարաբաղցի են, սակայն Բաքվում են ապրել: Արցախյան ազատագրական շարժման տարիներին շատերի նման իրենք էլ փախել են Ադրբեջանից եւ հանգրվանել են Ռանչպարում:

Հարցին, թե կնոջ համար դժվար չէ փայտ կոտրելը, Ս. Առաքելյանը մի պահ լռեց, ապա ապատասխանեց.

«Մեր տունը, ամեն ինչը թողել եկել ենք այստեղ, նորն ենք կառուցել ու ապրում ենք, ինչի՞ է դժվար, հիմա կյանքն այնպես է, որ ուզենք-չուզենք, պիտի անենք, սկի էլ դժվար չի: Ես էլ սկզբում չեմ արել նման գործեր: Որ եկել եմ գյուղ, մի գառ եմ տեսել, վախեցել, անկյուն եմ փնտրել, որ մտնեմ: Հիմա գառ էլ եմ պահում, ոչխարել եմ պահում, կով էլ եմ պահում, փայտ էլ եմ ջարդում… Իմ հայ հողում եմ գտնվում, մեկը չի ասում էս ինչ ես անում, բա գոհ չլինե՞մ: Փառք Աստծո, չեմ դժգոհում, լավ է»,- ասում է Սվետլանա Առաքելյանը եւ հրավիրում է տնական մածուն ուտելու:

Իշխան Առաքելյանը վատ զգաց, որ անծանոթները տեսել են կնոջը ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս և ձայնի ցածր տոնով ասաց. «Ես վերեւից ճյուղերն եմ կոտրել, ինքն էլ ներքեւում է կոտրում, ինձ օգնում է, էլի, որ մի քիչ հանգստանամ»:

Շուտով հողի աշխատանքները կսկսվեն և ամուսինները նույն եռանդով պատրաստվում են հողում աշխատել: Նրանք հիմնականում բանջարաբոստանային բույսեր են մշակում, եթե տարվա բերքը առատ է լինում, մի բան էլ վաճառում են:

Սվետլանա Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչով են զբաղվում երիտասարդները, երբ իրենք են ծանր գործերն անում: «Ու՞ր ա ստեղ ջահել¸ ջահելները գնացել են Ռուսաստան: Տղես ազատամարտիկ է, առողջական խնդիրներ ունի, գնացել է Ռուսաստան բուժվելու, եղբայրն էլ գնացել է նրա մոտ, մնացել ենք մենք»,- ասում է նա:

Տիկին Սվետլանան կարծում է, որ աշխատանք ունենալու համար պարտադիր չէ արտագաղթել: Ըստ նրա՝ եթե մարդն աշխատող է, որտեղ էլ լինի, գործ կգտնի: Որպես օրինակ՝ նշում է իրենց, որ երբեք հողի հետ չեն աշխատել, սակայն տարիների ընթացքում հարմարվել են եւ ինքնուրույն կարողացել են տնտեսություն հիմնել:

Անձրեւը գնալով ուժեղանում էր: Ամուսիններին հրաժեշտ տվեցինք, որ շարունակեն իրենց աշխատանքը՝ խոստանալով, որ մի արևոտ օր գնալու ենք մածուն ուտելու:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter