HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեստա» ընկերությունը տուգանվել է, իսկ բջջային օպերատորները` նախազգուշացվել

Այսօր՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է «Վեստա» ընկերությանը պատասխանատվության ենթարկել` 15 մլն դրամի չափով տուգանք նշանակելով անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել էր կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունների գովազդներն այն մասին, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Պարզվել է, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են: Մասնավորապես, ՏՄՊՊՀ դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում: ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ»  ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ  այս   սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկերների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ»  լինելու հանգամանքը:

Հանձնաժողովը հաստատված է համարել այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:

Նույն նիստում հրապարակվել են նաև «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի (USB) միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ: 

Մասնավորապես, վերոնշյալ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել: ՏՄՊՊՀ դիտարկմամբ կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում, մոդեմը ձեռք բերելիս՝ նրանք տեղեկացված չեն այս պայմանների մասին: ՏՄՊՊՀ-ը բացահայտել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում նաև այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:  Արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել:

Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է: ՏՄՊՊՀ  որոշմամբ «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter