HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում ՄԹ դեսպան. «Պուտինի առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ կիրակի օրվա քվեարկության արդյունքը ճանաչելուց»

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչն իր բլոգում գրառում է կատարել Ղրիմի ճգնաժամի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Մենք բոլորս, ովքեր մտահոգ են Եվրոպայում խաղաղության համար, ցնցված ենք վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայում կատարվող դեպքերից:  Կիրակի օրը Ղրիմում կկայանա հանրաքվե, որում չկա տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են պահել Ղրիմի կարգավիճակը որպես Ուկրաինայի անփոփոխ մաս: Մարդիկ կարող են քվեարկել միայն Ռուսաստանին միանալու կամ դե ֆակտո անկախության օգտին՝ վերադարձնելով 1992 թվականի չգործող Սահմանադրությունը:

Ռուսաստանն օժանդակում է հանրաքվեին: Սակայն Մ7, ԵՄ, Անվտանգության Խորհրդի մյուս անդամները և միջազգային հանրության մեծամասնությունը  հստակ արտահայտել են, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը  մարտի 11-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ Ղրիմի ինքնավարությանը կամ անկախությանը վերաբերող ցանկացած հանրաքվե պետք է հիմնված լինի Ուկրաինայի Սահմանադրության վրա և համապատասխանի միջազգային օրենքին:

Հանրաքվեի անցկացումը նույնպես ամբողջությամբ անօրինական կլինի: Արդյոք կարող է ազատ ու արդար համարվել մի հանրաքվե, որը կազմակերպվում է երկու շաբաթում, երբ փողոցներում կա զինված աշխարհազոր, որին հնարավոր չէ տարբերակել, երբ բռնանում են լրագրողների վրա և առգրավում նրանց սարքերը, երբ խոչընդոտում են միջազգային ներկայացուցիչների մուտքը Ղրիմ և երբ, չնայած ռուսական ժխտումներին, հստակ ապացույց կա, որ ռուսական զորքերը թողել են իրենց բազաները և զբաղեցրել Ղրիմի ենթակառուցվածքները՝ խախտելով Ուկրաինայի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր:

Որպեսզի  հանրաքվեն լինի արդար, կայուն և վերջնականապես լուծի, այլ ոչ թե հարուցի խնդիրներ, այն պետք է դառնա բանակցության ու քննարկման բաց ու ներառական գործընթացի վերջին հանգրվանը: Այն կարող է ծրագրվել միայն, երբ պարզ դառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղ ընդունել դրա արդյունքը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը պատրաստ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվեն անցկացնել այս տարի:

Այն բանից հետո, երբ 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմներ ավերեցին  Եվրոպան, միջազգային համաձայնագրերի ու կառույցների ցանց ստեղծվեց և 1991թ. հետո ուժեղացվեց,  որպեսզի այն օգնի մեզ` խուսափել կրկնելու անցյալի ցավոտ հակամարտություններն ու խաղաղ ճանապարհով լուծելու վեճերը:  ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի նման կազմակերպությունները, որոնց ինտեգրված անդամ է Ռուսաստանը, գոյություն ունեն՝ օգնելու պետություններին բարձրացնել ինքնորոշման հարցեր և պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները:

Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին օգտագործել այս կառույցները և լրջորեն ընդգրկվել ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ու գտնել հարցի խաղաղ լուծում:  Դեռ շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter