HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կոնսոլիդացում հանուն իշխանափոխությա՞ն, թե՞ դրա իմիտացիայի

Ազգային ժողովում ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» և ՀԱԿ-ին հաջողվել է ստեղծել գործակցության բավականին ճկուն հարթակ, ինչի արդյունքում իշխանության դեմ ձևավորվել է բավականաչափ արդյունավետ աշխատող ընդհանուր ճակատ: Սա, իհարկե, քիչ արդյունք չէ: Նախ` դա համաձայնեցված գործողությունների դիմելու և օպերատիվ որոշումներ կայացնելու փորձ կուտակելու հնարավորություն է տալիս, երկրորդ` մշտական լարվածության մեջ է պահում իշխանությանը` վերջինիս թույլ չտալով ամբողջապես լկտիանալ և իռացիոնալ դաշտ տեղափոխվել, երրորդ` խորհդարանին վերադարձնում է քաղաքական մարմնի կարգավիճակը և ստեղծում լուրջ բանավիճային մթնոլորտ, չորրորդ` խորհրդարանում այդ միասնական ճակատի գործունեությունը նպաստում է հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Բայց այդ համագործակցությունը մինչև հիմա զուտ մարտավարական բնույթ է ունեցել: Ոչ իշխանական քառյակը ստիպված է եղել կազմելու այդ ընդհանուր ճակատը` նախագահական ընտրություններին չմասնակցելու հետևանքով կորցրած դիրքերը վերականգնելու և վերջնականապես մարգինալացման վտանգից ազատվելու, այսպես ասած` ռեաբիլիտացվելու անհրաժեշտությունից դրդված: Դրան նպաստել է նաև քաղաքացիական շարժումների գերակտիվացումը, որը ընդդիմությանը հստակ երկընտրանք առաջադրեց` կամ լինել պրոցեսների կիզակետում կամ` դրանց տակ: Քաղաքական ուժերը, բնականաբար, ընտրեցին առաջին տարբերակը և հիմա ձգտում են առավելագույն դիվիդենտները քաղել հասարակական-քաղաքացիական հատվածական շարժումներից:

Պարզ է, սակայն, որ զուտ մարտավարական խնդիրներով առաջնորդվելը որևէ հեռանկար չի կարող ունենալ: Նախ` այն ավելի շատ իներցիոն շարժում է հիշեցնում, իսկ իներցիայի ուժը, ինչպես հայտնի է, ինչ-որ պահի միշտ սպառվում է: Երկրորդ` ոչ իշխանական ուժերի միջև առկա դիրքային ներքին պայքարը, գաղափարական հակասությունները, ամբիցիաները ընդհանուր ռազմավարական առաջնահերթությունների բացակայության պարագայում միշտ մղվում են առաջին պլան և ձախողում բոլոր առողջ նախաձեռնությունները:

Ներկայումս այս վտանգը առավել քան իրատեսականորեն կանգնած է ոչ իշխանական չորս ուժերի առջև, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ հենց ընդհանուր ռազմավարական նպատակներ ձևակերպելու շուրջ: Իսկ դրա պատճառն այն է, որ նրանք կոնսոլիդացիոն պրոցեսները նախաձեռնում են` սկսելով պոչից:

ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, նախաձեռնել է քաղաքական կոնսոլիդացիային ուղղված կոնսուլտացիաների շարք` նպատակ ունենալով ստեղծել երկիրը ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից հանելուն ուղղված միասնական այլընտրանքային օրակարգ: Սակայն դրանք իրականում ընթանում են ոչ թե բուն օրակարգի շուրջ, այլ իշխանության հետ հարաբերությունների ճշգրտման: Իսկ պատճառն այն է, որ սեղանին նման օրակարգի որևէ նախագիծ դրված չէ, և կոնսուլտացիաները տեղի են ունենում ընդամենը մտքերի փոխանակման ձևաչափով, իբր` միմյանց տեսակետներին ծանոթանալու: Սա, մեղմ ասած, անհեթեթ պատճառաբանություն է այն պարզ պատճառով, որ խորհրդարանում կազմակերպված, բացառիկ հաջողությամբ իրականացվող համագործակցության արդյունքում արդեն վաղուց նրանք պետք է այդ փուլը հաղթահարած լինեին:

Սակայն, խնդիրը նույնիսկ ոչ թե օրակարգի կամ պլատֆորմի այդ նախագծի բացակայությունն է, այլ դրա իրականացման մեխանիզմների շուրջ ակնհայտ տարաձայնությունները, որոնք իրականում պակաս կարևոր չեն: Ի վերջո, գրոշի արժեք չունի որևէ, անգամ իդեալական մակարդակով մշակված գաղափար կամ ծրագիր, եթե չկան կամ փորձ չի արվում ստեղծելու դրանք կենսագործելու կառուցակարգեր: Իսկ դա հնարավոր է երկու ճանապարհով. կամ ստիպել իշխանությանը առաջնորդվել այդ օրակարգով, կամ հեռացնել իշխանությանը և դրան ձեռնամուխ լինել սեփական ռեսուրսներով: Առաջինն անելու որևէ լծակ ընդդիմությունը չունի. խորհրդարանում իշխանությունը բացարձակ մեծամասնություն ունի, ինչն իր ընդդիմախոսների հետ իրական երկխոսության մեջ մտնելու, առավելևս կոնսենսուային լուծումների գնալու ցանկություն չունի: Իսկ երկրորդը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրվում է իշխանափոխության հստակ խնդիր և հռչակվում է, որ հասարակական-քաղաքական կոնսոլիդացիան անհրաժեշտ է առաջին հերթին այդ խնդիրը լուծելու համար: Բայց իրավիճակի ողջ աբսուրդն այն է, որ կոնսոլիդացիա նախաձեռնած ուժը` ԲՀԿ-ն ինքը, ոչ միայն փաստացի նման խնդիր չի առաջադրում, այլև զուտ Կառավարության հրաժարականին հասնելու մաքսիմալ նպատակ հռչակելով` ըստ էության վիժեցնում է ամբողջական իշխանափոխության հարցի առաջադրումը:

Քաղաքական ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում թե ́ վարչապետին հրաժարական պարտադրելու և թե ́ ԱԺ-ում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի առաջադրումը բացառապես ՀՀ նախագահի բացառիկ իրավասության և ցանկության տիրույթում է: Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով ընդդիմությանը հաջողվի հասնել Տիգրան Սարգսյանի հեռացմանը, նոր կառավարությունը կազմվելու է նույն իշխանության հայեցողությամբ և կատարելու է նույն իշխանության քաղաքական ծրագիրը: Եվ այստեղ որևէ նշանակություն չունի` Ծառուկյա՞նը, թե՞ ընդդիմադիր մնացած երեք ուժերից որևէ մեկի ներկայացուցիչը կփոխարինի Տիգրան Սարգսյանին:

2008թ. ճգնաժամը հաղթահարելու համար չորս ուժերից կազմված կոալիցիան ձևավորվեց իբր համատեղ մշակված օրակարգի, հուշագրի շուրջ, և կոալիցիոն կառավարությունը պետք է իրականացներ հենց այդ հուշագրով նախատեսված միջոցառումները: Բայց իրականությունն այն էր, որ դա դարձավ կոալիցիա ոչ թե հուշագրի շուրջ, այլ` նախագահ Սերժ Սարգսյանի: իսկ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պարզապես ստիպված էին կատարել ոչ թե այդ հուշագիրը, այլ նախագահ Սերժ Սարգսյանի կամքը: Այսինքն` նրանք չստացան իրական իշխանություն, բայց ստիպված էին կիսել պատասխանատվությունը գործադիրի արդյունքների համար: Ակնհայտ է, որ պատմությունը կրկնվելու է նաև այս դեպքում, ինչին գնալը նշանակելու է հերթական անգամ հուսախաբ անել հասարակությանը և ընդամենը իշխանական կերակրատաշտին մոտենալու խնդիր լուծել:

Հետևաբար, ներկայիս կոնսոլիդացիոն պրոցեսները տրամաբանական են դառնում միայն մեկ դեպքում. եթե ընդդիմությունը հստակ հայտարարում է, որ ամբողջական իշխանափոխության հասնելու նպատակ է դնում և դա պատկերացնում է կոնկրետ որևէ մեխանիզմնով: Այս դեպքում երկրորդական է դառնում, թե ընդդիմությունն իշխանափոխության խնդիրը լուծելու որ մեթոդն է ընտրում. արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին հասնելու՞, թե՞ պրոցեսները 2018թ. հերթական համապետական ընտրությունների տրամաբանությամբ զարգացնելու: Կարևորն այս հարցում սկզբունքայնության դրսևորումն է և հավատի ներշնչումը հասարակությանը:

Իշխանությունն իրականում հենց այսպիսի հեռանկարից է վախենում, և ներկայիս նյարդայնությունը պայմանավորված է դրա անցանկալի սպասելիքներով: Խնդիրն այն է, որ հասարակական շերտերում իշխանափոխության խնդիրը որպես հստակ պահանջ արդեն վաղուց դրված է քաղաքական համակարգի առջև: Հասարակական դժգոհ զանգվածներին, որոնք փողոցային պայքարի են դուրս գալիս կտրտված, յուրաքանչյուրն իր նեղ պահանջի շրջանակում, համախմբվելու համար քաղաքական դաշտից ընդամենը մեկ, բայց համոզիչ ուղերձ է պակասում: Իսկ դա հնարավոր է անել միայն մեկ դեպքում` հասարակության հետ պարզ, ազնիվ երկխոսությամբ և խոսքի ու գործի նույնության մեջ վստահություն ներշնչելու: Հասարակական ընդվզումից իշխանությունն իրեն առայժմ ապահով է զգում միայն այն պատճառով, որ այդ ընդվզումն առաջնորդող և հասարակության հետ նման հարաբերություններ ուենցող պոտենցիալ ուժ չի տեսնում: Հենց դա է պատճառը, որ քարոզչական տարատեսակ հնարքներով փորձ է արվում արժեզրկել ու վիժեցնել ոչ իշխանական քառյակի կոնսոլիդացիոն նախաձեռնություններն ու ընթացող ակտիվ բանակցությունները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter