HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս ծանր վիճակը» եւ ինչպես պետք է դուրս գալ «այդ ծանր վիճակից»

Էդգար Վարդանյան

Վերջին շրջանում իրենց ընդդիմադիր կամ ոչ իշխանական համարող կուսակցությունների առաջնորդները ծրագրային ելույթներ ունեցան, եւ դա այն պարագայում, երբ ընտրություններ մոտ ապագայում նախատեսված չեն։ Վերջերս ծրագրային բնույթի քաղաքական դիրքորոշումներ են արտահայտել նաեւ հասարակական գործիչներից եւ քաղաքացիական ակտիվիստներից շատերը։ Նրանցից շատերը նշել են, որ անհրաժեշտ է ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ՝ այօրվա «ծանր վիճակից» Հայաստանը դուրս բերելու համար։

Մի կողմ դնելով այն հարցը, թե արդյոք անկեղծ են բոլոր նման հայտարարությունները, արձանագրենք, որ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվի մեծ մասը հայտարարում է, որ ծայրահեղ դժգոհ է ներկայիս վարչախմբից եւ չի ցանկանում համակերպվել Հայաստանում հաստատված ստատուս քվոյին։ Մնացած հարցերում ընդդիմադիր էլիտան միասնական մոտեցում չի ցուցաբերում։ Տարբեր են «այս ծանր վիճակի» բնութագրությունները, տարբերվում են նաեւ «ելքերի» վերաբերյալ մոտեցումները։ Ըստ «այս ծանր վիճակի» բնութագրությունների եւ «ելքերի» վերաբերյալ առկա մոտեցումների` հայաստանյան ընդդիմադիր էլիտան կարելի է բաժանել երեք հիմնական խմբի։

Առաջին խումբը նշում է, որ «այս ծանր վիճակի» պատճառը հիմնականում այն է, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների քաղաքականությունը ամեն ինչում ձախողվել է, ինչի արդյունքում Հայաստանում առկա է ծայրահեղ ծանրը սոցիալ-տնտեսական իրավիճակ, որը կարող է կործանել պետությունը։ Ուստի, ըստ այդ խմբի, առաջնահերթ քաղաքական խնդիրը պետք է լինի իշխանափոխության հասնելը եւ այնպիսի իշխանություն ձեւավորել, որը կիրականացնի ճիշտ սոցիալ-տնտեսական ծրագիր եւ երկիրը դուրս կբերի խորը ճգնաժամից։ 

Երկրորդ խմբի դիրքորոշումն այն է, որ միայն լավ սոցիալ-տնտեսական ծրագիր ունեցող առողջ թիմի իշխանության գալով չէ, որ պետք է դուրս գանք «այս ծանր վիճակից»։ «Այս ծանր վիճակը», ըստ այս խմբի, նախ եւ առաջ այն է, երբ պետությունը չի հարգում մարդու հիմնարար իրավունքները, չկա քաղաքական մրցակցություն, տիրում է իրավական անհավասարություն, իշխող կուսակցությունը, պետությունը եւ խոշոր բիզնեսը սերտաճած են, դատարանները կամայական որոշումներ են կայացնում, երբ պետական որոշումները կայացվում են ոչ թե Սահմանադրության, այլ՝ կրիմինալ օրենքների հիման վրա։ Վերոնշյալ խումբը «այդ ծանր իրավիճակից» ելքը տեսնում է ազատ եւ արդար ընտրությունների համար պայմանների եւ  իշխանությունների ճնշումներին դիմագրավող մեխանիզմների ստեղծման մեջ։

Երրորդ խումբն էլ պնդում է, որ «այս ծանր վիճակը» առաջին հերթին թույլերի նկատմամբ ամենուրեք իրականացվող բռնություններն են, ցածրաճաշակ դոմինանտ մշակույթը, անկիրթ միջավայրը, կրիմինալ բարքերի գերիշխանությունը, ծայրահեղ աղքատությունը, անպաշտպանվածությունը, էկոլոգիական աղետները, հարուստների եւ աղքատների միջեւ ծայրահեղ անհավասարությունը, պատրիարխալ ընտանիքը, գերիշխող ֆեոդալական բարքերը եւ այլն։ Վերոնշյալ խմբի ներկայացուցիչները «այս ծանր իրավիճակից» ելքը տեսնում են մարդկանց մտածողությունը փոխելուն ուղղված լուսավորչական գործունեւություն ծավալելու եւ տարբեր կոնկրետ իրավունքների պաշտպանության լոկալ միություններ ստեղծելու, կոնկրետ լոկալ խնդիրների շուրջ շարժումներ ստեղծելու, տարբեր մակարդակի իշխանական մարմինների վրա կետային ճնշում իրականացնելու եւ այլ նմանատիպ գործողություններ իրականացնելու մեջ։

Ինչպե՞ս է հնարավոր «այս ծանր վիճակի» այսքան տարբեր ընկալումների առկայության պայմաններում ստեղծել միասնական քաղաքական օրակարգ։ Կարծում ենք` այն հնարավոր կլինի ստեղծել միայն այն դեպքում, եթե գտնվեն այնպիսի խնդիրներ եւ այդ խնդիրներին հասնելու գործողություններ, որոնց մեջ խմբերից յուրաքանչյուրը կգտնի իր համար խիստ շահեկան մի բան, եւ եթե դրանցում չլինեն այնպիսի կետեր, որոնք բացարձակապես անընդունելի են խմբերից որեւէ մեկի համար։

Կարծում ենք, որ այդպիսի օրակարգ կարող է ձեւավորել խորքային, համակարգային փոփոխություններին միտված, հասարակության տարբեր շերտերը եւ խմբերը ներառող քաղաքացիական շարժումը, որի հեռավոր նպատակը կլինի Հայաստանում ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության հիմնումը, եւ որը հենց իր ներսում կբացառի ոչ դեմոկրատական վարքի որեւէ դրսեւորում եւ իր շարքերում չի հանդուրժի այդպիսի վարք դրսեւորող անհատներին։

Հասկանալի է, որ միասնական նպատակը դեռ բավարար չէ վերոնշյալ երեք վիրտուալ խմբերի կողմից միասնական օրակարգ ձեւավորելու համար։ Ընդհանուր նպատակ ունենալը դեռեւս չի ենթադրում գործողություններ, որոնք միանշանակ ընդունելի եւ ցանկալի կլինեն բոլորի համար։ Սակայն, երբ շարժումը վերոնշյալ նպատակին մոտենալու համար իր առջեւ դնի այնպիսի կարճաժամկետ խնդիրներ, որոնք կկարեւորվեն բոլորի կողմից, այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ կողմերը կգան ընդհանուր հայտարարի։ Այդպիսի կարճաժամկետ խնդիրներ կարող են լինել, օրինակ, ներկայիս վարչախմբի կողմից մարդկանց մանիպուլացիայի ենթարկող մեխանիզմների, ինստիտուտների ապամոնտաժման հարցը կամ կոռուպցիոն ցանցերի վերհանումը, իշխանությունների նկատմամբ արդյունավետ ճնշում իրականացնող հանրային ինստիտուտների ստեղծումը եւ այլն։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter