
Պայքար՝ թափառող շների՞, թե՞ թափառող շների դեմ պայքարողների դեմ
Էմմա Պետրոսյան
Ալավերդիում թափառող շների ոչնչացում իրականացվում է ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ և միայն կեսգիշերից հետո, երբ մարդկանց հոսքը դադարած է լինում: Մարտի 14-ին` ժամը 22:30-ի սահմաններում սպանված շունն ու նրա ձագը, սակայն, թափառող չէին, կեսգիշերից էլ դեռ շատ ժամանակ կար` պնդում են Սայաթ-Նովա 5 և 7 շենքերի բնակիչներն, ովքեր ականատես են եղել իրենց բակի Շարիկ անունով շան ու նրա ընդամենը 3 ամսական ձագի սպանությանը: Արդեն 5 տարուց ավելի է, ինչ Սայաթ-Նովա 5 և 7 շենքերի բնակիչներն իրենց բակում խնամում էին այդ շանը: Նրանք մեկ անգամ չէ, որ դիմել են «Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Համլետ Միրզոյանին իրենց բակի շանը ձեռք չտալու խնդրանքով: Փաստ է, սակայն, որ «Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենը չի խնայել անգամ Շարիկի 3 ամսական ձագին:
Սայաթ-Նովա թաղամասի բնակիչ Ռաֆայել Ջավախյանը դեպքի պահին շենքի տարածքում իր շան հետ զբոսնելիս է եղել: Ասում է`իր շունը կրակոցի ձայնից փախել է, նույն հաջողությամբ եթե նա էլ այդ պահին տեսադաշտում հայտնվեր, գնդակահարված շների ճակատագրին էր արժանանալու: Ռաֆայել Ջավախյանն անձամբ է մոտեցել «Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենին ու խնդրել, որ շանն ու նրա ձագին ձեռք չտան, բայց անօգուտ. «Ես բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ ահավոր էր: Հերոսություն են համարում շան ձագի վզից քարշ տալով բնիցը հանելն ու գնդակահարելը: Էն էլ են դեպքում, երբ ես ասում եմ՝ գոնե ձագին բնից մի հանի: Հետո գիտեք ինչն է հարցը, էստեղ հարցը մենակ մեր էդ շունը չի, մեր հայաթը չի, դա համընդհանուր խնդիր է ու արդեն լուծված խնդիր է: Մարդկությունը առաջ է գնում, մենք, չգիտեմ խի, հետ ենք գնում: Դա իր քաղաքակիրթ ձևն ունի, մենք Երևան քաղաքում ունենք նման կետեր, որտեղ տանում են թափառող շներին, մեքենաները շրջում են քաղաքով, հավաքում են նման շներին ու տանում: Թող էստեղից էլ հավաքեն ու տանեն»:
Նույն թաղամասի բնակիչ Գոհար Սիմոնյանն էլ աշխատանքից վերադառնալիս ականատես է եղել այն տեսարանին, երբ սպանված շանն ու նրա 3 ամսական ձագին քարշ տալով տանում են. «Ինձ հետ ավտոմեքենայի մեջ նաև երեխա կար ու կարար էդ երեխեն էլ դուրս գար ու տեսներ էդ տեսարանը, որը մեծ հոգեբանական սթրես կլիներ նրա համար: Շատ վատ է, որ նման դեպքեր են գրանցվում մեր քաղաքում: Իհարկե, պարզ է, որ էդ գործողությունը կատարողը նման հրահանգ էր ստացել քաղաքապետից, բայց նման բանը անում են գիշերային ժամերին, երբ որ անվտանգ է, մարդիկ տանն են լինում: Իսկ Էդ պահին շատ վտանգավոր էր հայաթում քայլելը: Էլ չեմ ասում, որ էդ շները թափառող չէին, մեր բակի շներն էին ու ոչ մեկի ոչ մի անգամ վնաս տված չկան»:
Գոհարը պատմում է, որ շների սպանությունից 15 րոպե հետո 2 ոստիկան են ժամանել դեպքի վայր, ովքեր պարզապես արձանագրել են կրակոցի ժամն ու լսել բնակիչներին, խոստացել լուծել այդ հարցը, բայց ոչ մի ընթացք դեպքին չեն տվել: Կատարված դեպքից բորբոքված բնակիչներն էլ հենց հաջորդ առավոտյան Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին իրենց բակ են կանչել ու պահանջել պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ալավերդու քաղաքապետն էլ պատասխանել է, որ շունն, այնուամենայնիվ, կենդանի է, և եթե անգամ մինչ օրս ոչ մեկի չի վնասել, չէր բացառվում, որ մի օր էլ մի անցորդի իսկապես վնասեր: Ըստ քաղաքապետի` սպանված Շարիկն ու նրա ձագը թափառող են համարվում, քանի որ ոչ ոքի անունով գրանցված չեն. «Եթե բակում պատրաստվում են շուն պահել, ապա այն պետք է գրանցվի անհատի անունով, որպեսզի հնարավոր պատասխանատվությունն էլ հետագայում այդ անհատը կրի: Կամ էլ թող սահմանափակեն շան տարածքը, որ անցորդներին չխանգարի»:
Թափառող շների համար կացարան Հայաստանում ստեղծվել է 2003թ.: Իր տեսակի մեջ այն միակն է և գտնվում է Երևանում: Համայնքներում, բնականաբար, ավելի հեշտ է և բոլորն են նախընտրում ոչնչացնել, և ոչ թե հավաքել ու տեղափոխել թափառող շներին այդ կացարան: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը Սայաթ-Նովա թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այժմ համայնքն այնպիսի միջոցներ չունի, որ այլընտրանք առաջարկի թափառող շներին վերացնելու համար: Միակ տարբերակը շների ոչնչացումն է: Քաղաքապետը նշեց նաև, որ այս պահին չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել որևէ մեկին, պարզապես կճշտի դեպքի մանրամասնություններն ու հետո միայն եզրահանգում կանի:
Սայաթ-Նովա թաղամասի բնակիչները, սակայն, չեն պատրաստվում նահանջել և պահանջում են հանրային լուծում տալ կատարված դեպքին:
Այդ նույն օրը թափառող շների ոչնչացման գործողություններ են կատարվել նաև Ալավերդու այլ թաղամասերում: Ալավերդու բնակիչները հաճախ են բողոքում գիշերային կրակոցների ձայներից ու առավոտյան թաղամասերում մնացած սպանված կենդանիների արյան հետքերից:
Մինչ ՀՀ-ում անխնա ոչնչացնում են անգամ նոր ծնված շներին, Նիդեռլանդներում, օրինակ, օրենքն արգելում է կենդանիներին մորթի ենթարկել առանց նախնական անզգայացման:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել