Վարչապետը խստագույնս հետեւելու է այս ամսվա ծախսերին
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գործադիր մարմնի անդամներին զգուշացրել է, որ խստագույնս հետեւելու է դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարվող ծախսերին: «Եթե կան ծախսեր, որոնք պլանավորված են բյուջեով, եւ դուք չեք հասցնում դրանք իրականացնել, պետք չէ այդ ծախսերն իրականացնել անարդյունավետ ձեւով: Այդ գումարները ձեզ կհատկացնենք 2009թ. ընթացքում»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ Ազգային ժողովին ներկայացվել է բավականին ճկուն բյուջե, որի դեֆիցիտն ընդամենը մեկ տոկոս է: Ուստի որեւիցե ռիսկ չկա, որ բյուջետային դեֆիցիտն ավելացվի այն ծախսերի մասով, որը կատավարությունը չի հասցնում իրականացնել տարվա ընթացքում: «Շտապողականությունը շատ վտանգավոր է, որովհետեւ այդ միջոցները կփոշիանան»,- ասել է վարչապետ Սարգսյանը:
Ըստ նրա` փորձը ցույց է տալիս, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կառավարության կողմից չափազանց մեծ ծավալի ծախսեր են իրականացվում, որի զգալի մասը իրականում կատարվում է ոչ թե դեկտեմբերին, այլ հաջորդ տարվա ընթացքում: «Այս տարի մենք այդ պրակտիկայից պետք է ձեռնպահ մնանք»,- հայտարարել է Տ. Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել