HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅ Դաշնակցություն. «Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորման այսրոպեական կարեւորությունը չպետք է գերագնահատվի սերունդների իրավունքներից»

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի հերթական լիագումար նիստը: Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը, Լիագումարը առանձնակի ուշադրությամբ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությանը, պետականությանն աջակցելու կուսակցության, ուղեկից կառույցների, Հայ Դատի գրասենյակների անելիքներին, Արցախի հիմնախնդրի «հայ-թուրք հարաբերությունների վերջին զարգացումներին, հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվելիք հրատապ քայլերին: «Կրկին շեշտվեց, որ Արցախի հիմնահարցի վերջնական կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ-բանակցային գործընթացով, որտեղ ԼՂՀ-ն հանդես կգա իբրեւ բանակցային կողմ: Նկատի ունենալով, որ մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո էլ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմաշունչ հռետորիկայից` չափազանց կարեւոր է, որ հարցը շարունակաբար մնա համազգային օրակարգում` իբրեւ Հայաստանի ու հայության լինելիությանն ու անվտանգությանը առնչվող գերխնդիր: Բանակցային գործընթացում մեզ համար հիմք պետք է ծառայի Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստը, որը տեղի է ունեցել երկու առիթներով` 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեներով: Փոխզիջումները կարող են լինել միմիայն համարժեք, հավասարաչափ, միաժամանակյա եւ տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում: Կրկին հաստատելով, որ Հայաստանն ու Թուրքիան` իբրեւ հարեւան պետություններ, պետք է շարունակեն հարաբերությունների բնականոնացման ջանքերը, միաժամանակ ընդգծվեց, որ Թուրքիայի կողմից մինչեւ այժմ որեւէ դրական քայլ չի արվել: Ընդհակառակը` փորձ է արվում առկա շփումները օգտագործել իբրեւ ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու միջոց, իսկ երկու պետությունների հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրի` Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններով: Այս համատեքստում գնահատվեց մեր երկրի բարձրագույն ղեկավարության միակամությունը առ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց Ցեղասպանության համընդհանուր, այդ թվում` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Մյուս կողմից շեշտվեց «որ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորման այսրոպեական կարեւորությունը հայոց պետականության կողմից չպետք է գերագնահատվի սերունդների իրավունքներից: Քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ` միշտ մեկնակետ ունենալով կուսակցության քաղաքական ուղեգծի այն հիմնարար դրույթը, ըստ որի` Հ.Յ. Դաշնակցության գերխնդիրը Հայաստանի Հանարպետության անկախության, անվտանգության եւ առավելագույն ինքնուրույնության ապահովումն է»,- նշված է մամլո դիվանի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter