Կարեն Վարդանյան. «Հայաստանում մաքսազերծման պրոցեսն արդեն իսկ նորմալ չէ»
Հայաստանի մաքսատան գործունեությունը նման է արյունատար համակարգի, որում շրջանառվող արյունը պայմանականորեն կարելի է համեմատել երկրից արտահանվող եւ ներմուծվող ապրանքների հետ:
Հիմա այդ համակարգը խցանված է եւ դանդաղեցնում է մեր տնտեսության զարգացումը: Այս կարծիքին է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Այսօր «Նովոստի» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ «Մաքսային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումներ. կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» ծրագրին: Այն իրականացնում է ԻՏՁՄ-ն եւ տեւելու է 6 ամիս: Նախատեսվում է, որ ծրագրում ներկայացվող լուծումները կխթանեն մաքսային գործընթացների թափանցիկությանը եւ կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
«Մեր ոլորտի ընկերությունների 50 տոկոսից ավելին ներմուծում են համակարգչային սարքավորումներ եւ առնչվում են առկա խոչընդոտների հետ: Դրանցից ամենախոշորը մաքսատանը չստեղծված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումն է: Բացի նրանից, որ դա կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում, խոչընդոտում է նաեւ ցանկացած ներդրումային ծրագրի: Եթե ինչ-որ մեկն ուզում է որեւէ ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում, ապա դրա 20 տոկոսը պետք է թողնի սահմանում` որպես ԱԱՀ: Մի քանի խոշոր ներդրումային ծրագիր` համաշխարհային խոշոր բրենդերի կողմից, արդեն իսկ ձախողվել է հենց այս պատճառով,- ասում է Կարեն Վարդանյանը եւ վստահեցնում, որ կարող է նշել բազմաթիվ օրինակներ,- մասնավորապես, «Ինտել» ընկերության հետ նախապատրաստվում էր բավականին մեծ ծրագիր` շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Բայց երբ նրանք իմացան, որ ներկրվող սարքավորումների արժեքի 20 տոկոսը պետք է թողնեն սահմանի վրա, ներդրումային ծրագրից հրաժարվեցին»:
Կ. Վարդանյանի խոսքերով` սա ավելի շատ ոչ թե օրենսդրության, այլ քաղաքական մոտեցման խնդիր է. «Մենք, ըստ էության, չկարողանալով խնդիրը լուծել հարկային դաշտում` այն տեղափոխում ենք մաքսային սահման»: Ըստ նրա` Հայաստանում մաքսազերծման պրոցեսն արդեն իսկ նորմալ չէ, քանի որ տեւում է միջինը հինգ օր:
«Գերմանյայում մաքսատան հետ ամբողջ հարաբերությունները կարգավորվում են 15-20 րոպեում: Այսինքն` րոպեների խնդիրը մեզ մոտ տեւում է օրեր: Երբ սկսում ես բարեփոխումները, ցանկալի է, որ այդ ժամանակը հստակ սահմանվի: Մասնավորապես Սինգապուրում, երբ նմանատիպ բարեփոխում են իրականացնում, հստակ ասում են, որ գործընթացը պետք է միջինը տեւի այսքան րոպե: Իրենց աշխատանքների կատարումը գնահատվում է` ըստ այդ ցուցանիշի: Մեզ մոտ ընդհանուր քողարկվում է բարեփոխում անվան տակ, եւ հստակ ցուցանիշ չկա, թե ի՞նչ է նշանակում այդ բարեփոխումը, ե՞րբ ենք իմանալու, որ այն կատարվեց: Այսինքն` մենք երբեք չենք իմանում, անընդհատ այդ բարեփոխումների շրջանակի մեջ ենք»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Վերջինիս հավաստմամբ` իրենք ցանկանում են, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսին չնայի իբրեւ գողերի եւ ավազակների ու հեռու են բոլոր խնդիրներում կոմիտեին մեղադրելու մտադրությունից. «Այսինքն` երկուստեք խոչընդոտների վերացումը եւ համագործակցության ստեղծումը մեր հիմնական նպատակն է»,- ասում է Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել