Երևանը չպետք է բանակցային կողմ դառնա
Այս օրերին ԼՂ հարցում բանակցային գործընթացը այնպես չի ընթանում, ինչպես պետք է: Այս կարծիքը «Հայացք» ակումբում այսօր հայտնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը. «Մեր հակառակորդը դեռ որևէ փոխզիջման տարբերակ չընդունած` մենք արդեն ասում ենք, որ ընդունում ենք, տալիս ենք: Թե ինչ ենք տալիս, ինչի ենք տալիս, ոչ մեկը չգիտի, ուղղակի ասում են, որ տալիս ենք»: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը խնդրի լուծումը պատկերացնում է հետևյալ կերպ. առաջին հերթին ռազմական մասնագետները պետք է տան այն ձևաչափը ու քարտեզագրեն այն տարածքները, որը ընդհանրապես չի կարելի զիջել, եթե գնում ենք փոխզիջման: Երկրորդը` տնտեսագետները, երկրաբանները և բնապահպանները պետք է տան իրենց որոշումները, որից հետո քաղաքական գործիչները նոր միայն կարող են գծել այն քարտեզը` ինչը կարող են պահել, ինչը կարող են զիջել: «Դեռ 1993 թ. ամբողջ փաստաթղթերը մենք Լենինգրադից տեղափոխել ենք Հայաստան, այդ փաստաթղթերից կարելի է ծանոթանալ, թե ինչ տարածքների հետ գործ ունենք, ինչ հարստություններ ունենք, թե ինչ հարստություններ ունեն այն տարածքները, որոնք մենք ուզում ենք հանձնել, մեր հասարակությանը այդ մասին տեղյակ չեն պահում, երբեք չեն խոսում մեր ոսկու պաշարներից կամ ուրանի հանքերից, որոնք այսօր մեծ հարստություն է, բայց խոսում են Կասպյան ավազանի նավթից ու գազից»,-նշեց բանախոսը:
Սամվել Բաբայանը կարծում է, որ խնդրի սկզբնաղբյուրը 400 000-ից ավելի փասխստականներ ունենալու հանգամանքն է և, ըստ նրա, այդ տարածքներում պետք է վերաբնակեցվի սովետական Ադրբեջանից բռնի տեղահանված ժողովուրդը:
Ի վերջո, ըստ Սամվել Բաբայանի, խնդրի լուծմանը պետք է մասնակցի ոչ թե Երևանը, այլ Ստեփանակերտը: «Երևանը պաշտպանում է իր հասարակության մի մասի շահերը, Երևանը չպետք է բանակցային կողմ դառնա, Ստեփանակերտը պետք է դառնա բանակցողը»,- կարծում է Սամվել Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել