Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով գտնվում է Հելսինկիում
Երեկ` դեկտեմբերի 3-ին, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Հելսինկի:
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նախարար Նալբանդյանի առաջին հանդիպումը Հելսինկիում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դեսպան Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ասպեկտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել կազմակերպության բարեփոխումների շուրջ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում եւ գտնում է, որ կազմակերպությունը բարեփոխման կարիք ունի այսօրվա խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու համար:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան դե Բրիշամբոն անդրադարձել են նաեւ Եվրոպական անվտանգության գործող համակարգին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընգծել է, որ Եվրոպական անվտանգության համակարգը կատարելագործման կարիք ունի եւ կազմակերպության անդամ երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այն առավել գործուն եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեության եւ դրա արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել