Ժամկետային ավանդներ են բացվել 545 երեխաների անվամբ
Ղարաբաղում ծնելիության եւ բազմազավակության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անցած տարվա համեմատ այս տարի մոտ 3 անգամ ավելի գումար է նախատեսվել: Ծրագրով նախատեսված է ընտանիքներում 3-րդ, 4-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում բացել ժամկետային ավանդներ` 3-րդ երեխայի դեպքում` 500.0 հազար դրամ, 4-րդ եւ հաջորդ երեխայի անվամբ` 700.0 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ծնողներին` համապատասխանաբար 500.0 եւ 700.0 հազար դրամի չափով միանվագ գումար:
2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը 545 երեխաների անվամբ 310 մլն 100 հազար դրամի չափով ժամկետային ավանդներ են բացվել: Նույնչափ գումար է տրամադրվել այդ երեխաների մայրերին` որպես միանվագ օգնություն: Այս մասին Հետքին տեղեկացրել են ԼՂՀ սոցապահովության նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչությունում:
Վարչության պետ Սամվել Դադայանի խոսքերով` հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը բացվել է 357 ավանդ` ընտանիքի 3-րդ երեխայի անվամբ, 110-ը` 4-րդ, 48-ը` 5-րդ, 13-ը` 6-րդ, 5-ը` 7-րդ, 7-ը` 8-րդ, 2-ական` 9-րդ եւ 10-րդ եւ 1-ը` 11-րդ երեխայի անվամբ:
Ի դեպ, 2007թվականին ավանդները բացվում էին ԱՄՆ դոլարով: Տարվա ընթացքում 107 երեխայի համար բացվել էր շուրջ 96 հազար 300 ԱՄՆ դոլարի չափով ավանդ:
Սամվել Դադայանի տեղեկացմամբ` այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ 2278 երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ է տրամադրվել 159 մլն 460 հազար դրամի չափով:
Ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրով կառավարությունը 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների ծախսված էլեկտրաէներգիայի վարձը վճարելու համար նախատեսում է ամենամսյա դրամական օգնություն` յուրաքանչյուր երեխայի հաշվով 1200 դրամ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի փոխհատուցում են ստացել 330 ընտանիքի 1875 երեխաներ: Տրամադրված փոխհատուցման գումարը նոյեմբեր ամսին կազմել է 2մլն 317 հազար դրամ:
Իսկ 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցման վերաբերյալ վարչության պետը նշեց, որ այս տարի որոշում է կայացվել կառուցել 30 տուն: Աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ այս պահին դեռ ոչ մի տուն պատրաստ չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել