HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Ուղիներ են որոնվում աշխարհին ցույց տալու մեր երկրի կայունությունն ու գրավչությունը»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը, որի կազմում են բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնստայնը, բանկի մի շարք այլ երկրների տնօրեններ, տնօրենների խորհրդում եվրոպական ներդրումային բանկի, եվրոպական համայնքի ներկայացուցիչներ: Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` վարչապետը նշել է, որ չնայած նախորդ շրջանում բանկի կողմից մեր երկրում իրականացված որոշ ծրագրերի հետ կապված խնդիրներին, վերջին տարիներին բավական լուրջ աշխատանք է կատարվել փոխգործակցությունն ավելի արդյունավետ եւ որակական նոր մակարդակով իրականացնելու համար: Նա կարեւորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Անդրադառնալով բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթություններին` կառավարության ղեկավարն առանձնացրել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնումը, ենթակառուցվածքների (հատկապես էներգետիկայի եւ ճանապարհաշինության) զարգացումը, աջակցությունը «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում եւ Գյումրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտիների ձեւավորմանը, կապիտալի շուկայի զարգացմանը: Վարչապետը ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակն ու 2009թ. ծրագրերը, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին մեր երկրի դիմակայման հնարավորությունները: Տիգրան Սարգսյանն ասել է, որ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելիս եւ իրականացնելիս, կառավարությունը հաշվի է առնում Հայաստանի ունեցած հարաբերական առավելությունները, ուղիներ են որոնվում աշխարհին ցույց տալու մեր երկրի կայունությունն ու այդ առումով նաեւ գրավչությունը` շահավետ ներդրումներ կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter