Քրեական գործ` «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի պաշտոնատար անձանց նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուղարկած նյութերը, հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2004-2007թթ. ընթացքում պետական բաժնեմասով «Կանազ» ԲԲ ընկերության գույքի օտարման գործընթացում լուծարային հանձնաժողովի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերին օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով պետության օրինական շահերին պատճառել են ծանր հետևանքներ առաջացնող 85.439.184 դրամի էական վնաս:
Մասնավորապես` լուծարային հանձնաժողովը 2006թ. հունվարի 26-ին տեղի ունեցած աճուրդով ակնհայտ ցածր և չհիմնավորված գնով` 23.197.000 դրամով, «ԱրԱլ» ՓԲ ընկերության հիմնադիրներ «Ալյումտեք», որի 50 տոկոս բաժնետոմսերը պատկանել են լուծարային հանձնաժողովի նախագահին, և «Ֆարազգամ» ՓԲ ընկերություններին է վաճառել «ԱրԱլ» ՓԲ ընկերությունում «Կանազ» ԲԲ ընկերության 108.636.184 դրամ արժողությամբ 25 տոկոս բաժնետոմսերը՝ պետությանը պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող 85.439.184 դրամի էական վնաս:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել