HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Ղազարյան. «Հույս ունեմ, որ իշխանությունները դասեր կքաղեն ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներից»

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ներկայացնում ենք «Հետքի» հարցազրույցը Եվրադատարան դիմած երեք ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպան Արա Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, ի՞նչ գործերով են Հայաստանի դեմ վճիռներն ընդունվել:

-Առաջին երկու գործերը վերաբերում են Արմավիրի շրջանի Քարակերտ գյուղից ԱԺՄ կուսակցության անդամ Լավրենտի Կիրակոսյանին և Կոմունիստական կուսակցության անդամ Արման Մխիթարյանին: Նրանք 2003թ նախագահական ընտրություններից հետո ենթարկվել էին վարչական կալանքի` հանրահավաքներին մասնակցելու համար, բայց ոստիկանության պահանջներին չենթարկվելու հիմքով, ինչպես որ այդ թվերին լինում էր: Այսինքն` ոստիկանները հարցրել են` հանրահավաքին մասնակցե՞լ ես: Պատասխանել է` այո: Ուրեմն գնանք, պետն ուզում է քեզ հետ զրուցել: Քաղաքացին հրաժարվել է, ինչն էլ դիտարկել են իբրեւ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվել: Ընդ որում` Լավրենտի Կիրակոսյանին 2004թ-ին նորից վարչական կալանքի ենթարկեցին`առաջադրելով քրեական մեղադրանք` թմրանյութերի օգտագործելու հիմքով: Բայց այդ գործին Եվրադատարանը դեռ չի անդրադարձել: Երրորդ գործը վերաբերում է «Ազգային միաբանություն» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար, նախկին ոստիկան Մյասնիկ Թադեւոսյանին, ով նույն հիմքով ենթարկվել է տասնօրյա վարչական կալանքի` 2004 թ.-ի ապրիլյան դեպքերից հետո:

-Ի՞նչ պահանջներով էին նրանք դիմել Եվրադատարան:

-Քաղաքացիները բողոքել են կալանքի պայմաններից, ինչպես նաև նրանից, որ արդար դատաքննություն չի ապահովվել, բողոքարկելու հնարավորություն չեն ունեցել: Ի դեպ, Եվրոդատարանը, ըստ կոնվենցիայի 3-րդ հոդվածի, կարող էր գործերը չընդունել վարույթ, քանի որ քաղաքացիները չէին բողոքել կալանքի պայմաններից, այսինքն` չէին սպառել բոլոր միջոցները: Բայց Եվրադատարանը գործն ընդունեց վարույթ` համարելով, որ բողոքարկման մեխանիզմներն այստեղ իրականում արդյունավետ չեն: Սա այն բացառությունն է, որ կիրառեց Եվրադատարանը, որ որոշ դեպքերում դու կարող ես բողոքարկման բոլոր միջոցներն այստեղ չսպառել, բայց դատարանը գործը կընդունի վարույթ` հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Կարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ կառավարութունն ասում էր, որ կոնկրետ այս օրենքի այս կետերով կարող ես բողոքարկել այս մարմիններին կալանքի պայմանների դեմ: Բայց իրականում նա ցույց չէր տալիս այն մարմինները, ում նրանք կարող էին դիմել:

-Ի՞նչ վճիռ է կայացրել Եվրադատարանը:

-Դատարանը վճռել է, որ մեկուսարանում նրանց նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք: Քանի որ խուցը, որտեղ իրենք նստել են, եղել է ավելի փոքր, քան սահմանված է Հայաստանի համար: Ներսում զուգարան չի եղել, ջուրը կեղտոտ է եղել, որից Ա. Մխիթարյանը նույնիսկ թոքերի բորբոքում է ստացել: Պատուհանը շատ փոքր է եղել, ներսում օդափոխությություն տեղի չէր ունեցել: Այս ամեն ինչը Եվրադատարանը հաշվի է առել: Բացի այդ, նա համարել է, որ չի ապահովել արդար դատաքննության իրավունքը, քանի որ պատշաճ ժամանակ և հնաարվորություն չի տրվել պաշտպանություն նախապատրաստելու համար: Նրանք պահվել են ոստիկանությունում` արտաքին աշխարհի հետ առանց որևէ կապի: Նրանց ներկայացվել է մեղադրանք, գործը տարվել է դատարան, քննվել եւ դատապարտման վճիռ կայացվել մի քանի ժամվա ընթացքում: Որոշ փաստերի դատարանը մանրամասն չի անդրադարձել` հղում կատարելով նախկինում կայացված Աշուղյանի և Գալստյանի գործի փաստերին: Սրանք էլ 2004թ-ին վերաբերող վարչական կալանքի գործեր են, որոնցով դեռ մի տարի առաջ է որոշում կայացվել: Այսինքն` մենք հստակ տեսնում ենք նախադեպի ազդեցություն:

-Իսկ ի՞նչ փոխհատուցում է նախատեսում դատավճիռը:

-Բոլոր երեք գործերով հավասարաչափ բարոյական վնասի փոխհատուցում է տրվելու` 4500 եվրո և ևս 3500 եվրո` դատական ծախսերի համար: Այսինքն` պետության բյուջեից յուրաքանչյուրին 7500 եվրո է տրվելու` 6 ամսվա ընթացքում:

-Նշեցիք, որ այս գործերի վրա հստակ կարելի է տեսնել նախադեպի ազդեցությունը: Իսկ կարո՞ղ են այս գործերն իրենք նախադեպ դառնալ:

-Ոչ, քանի որ մեզ մոտ վարչական կալանք հասկացությունը դուրս է մղվել 2005 թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ, և դա իրավունքի բնականոն զարգացման արդյունքում էր:

-Ըստ Ձեզ, իշխանությունները դասեր քաղո՞ւմ են ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված վճիռներից:

-Կարելի է միայն հուսալ, որ դասեր կքաղեն, իսկ այն, որ լուրջ են ընդունում այս գործերը, ես դրանում վստահ եմ, քանի որ շփվում են տարբեր մասնագիտական խմբերի հետ:

Հարցազրույցը՝ Աստղիկ Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter