Իտալիայի դեսպանն Ազգային ժողովում
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով բարեկամ Իտալիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունները, նշել է, որ խորհրդարանների միջեւ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Հովիկ Աբրահամյանը գործուն համագործակցության հաստատման նախադրյալները արձանագրելով` կարեւորել է երկու երկրների խորհրդարանների պատգամավորների փոխայցելությունները: Նա պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Իտալիայի Հանրապետության խորհրդարանի երկու պալատների` Սենատի եւ Կամերայի նախագահներին` վստահություն հայտնելով, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի ամրապնդմանը: Հ. Աբրահամյանը նաեւ առաջարկել է քննարկել այցի ընթացքում միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի կամ հուշագրի ստորագրման հնարավորությունը: Նշվել է, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Իտալիայի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որը եւս կարող է նպաստել հարաբերությունների խորացմանը: Խորհրդարանի նախագահը կարեւոր է համարել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների համագործակցությունը: Նշվել է նաեւ, որ իբրեւ Եվրամիություն անդամ երկիր` Իտալիան մեծապես կարող է աջակցել Հայաստանի եվրաինտեգրմանը: Անդրադառնալով իտալական «Ռենկո» կազմակերպության հաջող աշխատանքին Հայաստանում` ԱԺ նախագահը Հայաստանում իտալական այլ ձեռնարկությունների մուտքը կարեւոր համարելով` նշել է, որ Հայաստանի հարկային դաշտը նպաստավոր է ներդրումների եւ օտարերկրացիների բիզնեսի ծավալման համար: ԱԺ նախագահը գտնում է, որ պարոն Կասինելին կարող է հայ-իտալական համագործակցության զարգացմանը մեծապես նպաստել` ունենալով նաեւ իր աջակցությունը:
Իտալիայի Հանրապետության դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին, պատմական արմատներ ունեցող իտալահայկական բարեկամության զարգացման պատրաստակամություն հայտնելով, նշել է, որ իտալացիներին ու հայերին միավորում են ոչ միայն հոգեւոր-մշակութային ընդհանրությունները, այլեւ երկու ժողովուրդների նմանությունը: Շնորհակալություն հայտնելով Սենատի եւ Կամերայի նախագահներին պաշտոնական այցով Հայաստան հրավիրելու համար` դեսպանը հանձն է առել փոխանցել հրավերն ու այցի ժամկետները ճշտել: Նա համաձայնեց, որ փոխայցելությունները նպաստում են հարաբերությունների զարգացմանը եւ նշել է, որ 2007-ին Հայաստանում էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, իսկ 2009-ին նախատեսվում է արտաքին գործերի փոխնախարար, սենատոր Մանդինիի այցը: Մասիմո Լավեցո Կասինելին կարեւորում է նաեւ պատգամավորական բարեկամության խմբերի համատեղ աշխատանքը միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձներ են եղել ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներին եւս. կողմերը կարեւորե են Հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունները բանակցությունների միջոցով կարգավորելը, որը կնպաստի խաղաղության ու բարեկեցության հաստատմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել