Հայաստան-Հնդկաստան գործարար համաժողով` Նյու Դելիում
Դեկտեմբերի 1-ից 2-ը Նյու Դելիում Հնդկաստանի առեւտրատնտեսական պալատների ֆեդերացիայի (FICCI - Federation of Indian Chambers of Commerce and Industry) դահլիճում տեղի է ունեցել Հայաստան-Հնդկաստան գործարար համաժողով, որը կազմակերպվել էր Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Դեկտեմբերի 1-ին կայացած լիագումար նիստի ժամանակ ելույթներով հանդես են եկել FICCI-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռաջան Կոհլին, ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը, Հնդկաստանի ԱՆ եվրասիայի վարչության պետ Դիվյաբ Մանչանդան, ԶՀ արտահանման խրախուսման բաժանմունքի ղեկավար Սերգեյ Ամատունին, Agri Machinery խմբի նախագահ Ռաջիվ Կումարը, Oriental Software Ltd. ընկերության նախագահ Ամարնաթ Բհաթը, Avia Infotel ընկերության գլխավոր կոնստրուկտոր Սամվել Մուրադյանը: Ելույթներում նշվել է գործարար համաժողովների անցկացման կարեւորությունը, հանգամանորեն ներկայացվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման դինամիկան, երկու երկրների գյուղատնտեսական, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, ներդրումային քաղաքականությունը: Ցուցադրվել է ֆիլմ Հայաստանի մասին: Տեղի են ունեցել հայ եւ հնդիկ գործարարների առանձին հանդիպումներ: Հայաստանը համաժողովին ներկայացնում էին մի շարք ընկերություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլի արտադրության եւ սննդի վերամշակման ոլորտներից:
Գործարար համաժողովի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանը եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ հանդիպումներ են ունեցել Հնդկաստանի ԱԳ պետնախարար Ե. Ահամեդի եւ տեքստիլի նախարարության քարտուղար Ա.Կ. Սինգհի հետ: Մտքեր են փոխանակել Հայաստանում հնդկական տեղեկատվական կենտրոնի, Հնդկաստանում հայկական ծիրանի այգու բացման, 2009 թ. առաջին կեսերին Երեւանում կայանալիք հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի վերաբերյալ: Տեքստիլի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ուրվագծվել են երկկողմ համագործակցության հեռանկարները տեքստիլի, սննդի վերամշակման, գյուղատնտեսության ոլորտներում:
Երեկ ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Նոյդայի արտահանումների խրախուսման ազատ տնտեսական գոտի, ուր ծանոթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլի արտադրության եւ ինժեներական հիմնարկների գործունեությանն ու արտադրանքին: Փոխնախարար Սամվել Ավետիսյանը Ֆարիդաբադում հանդիպել է Agri Machinery and Tractors, ESCORTS Limited ընկերության ղեկավարության հետ, ծանոթացել գործարանի արտադրանքին, քննարկել նաեւ հետագա համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Հայ-հնդկական գործարար համաժողովին զուգահեռ Դելիի ռուսական մշակութային կենտրոնում կայացել է Հայաստանի եւ Հնդկաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականների շախմատային ընկերական մրցախաղ,-տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել