HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Հիլարի Քլինթոնի ընտրվելը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում

"ԱՄՆ-ի Սենատում ծառայելու տարիներին սենատոր Քլինթոնը հետևողականորեն աջակցել է Հայոց ցեղասպանության հաստատմանը",- ասաց Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: "Նախկինում մենք երբեք չենք ունեցել ուժերի այսպիսի դասավորում, որ նորընտիր նախագահը, փոխնախագահը և պետքարտուղարը հստակ ցուցադրեն իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության հաստատմանն ու ցեղասպանությունների կանխմանը,- շարունակեց Արդունին:2000 թ. առաջին անգամ Սենատում ընտրվելուց ի վեր սենատոր Քլինթոնը հետևողականորեն աջակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը վերահաստատելու ջանքերին: Բացի Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձևերը հովանավորելուց, սենատոր Քլինթոնը նաև բազմիցս հորդորել է նախագահ Ջորջ Վ. Բուշին` վերահաստատելու Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում: 2006 թ., օրինակ, Քլինթոնը ստորագրել է նախագահ Բուշին հասցեագրված մի նամակ, ուր ասված էր. "Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ընդգծում է մեր պարտականությունը` վճռականորեն խոսելու հիմնարար մարդու իրավունքների նկատմամբ մեր հարգանքի և զանգվածային կոտորածներին ընդդիմանալու մասին: Մեր պետության և ողջ համաշխարհային հասարակության շահերից է բխում հիշել անցյալը և դասեր քաղել մարդկության դեմ այս ոճրագործություններից` երաշխավորելու, որպեսզի դրանք երբևէ չկրկնվեն: Հարգանքով խնդրում ենք, որպեսզի Դուք հայերի զանգվածային կոտորածն անվանեք "ցեղասպանություն"` ապրիլի 24-ի հիշատակման Ձեր ուղերձում": Սենատոր Քլինթոնն աջակցում է նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանն ու բարելավմանը, ինչպես նաև "Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու ժողովրդավարական կարգավորմանը": 2008թ. նախագահական ընտրությունների ողջ ընթացքում նորընտիր նախագահ Օբաման բազմիցս խոստացել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը (www.aaainc.org/index.php?id=644), իսկ Հիլարի Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելուց հետո նորընտիր նախագահ Օբաման այժմ ունի դաշնակից Հայոց ցեղասպանության հաստատման և ցեղասպանությունների կանխման հարցում: Այսօրվա իր հայտարարության մեջ Օբաման ասել է. "Ժամանակն է եկել ամերիկյան առաջնորդության նոր սկիզբ դնելու` 21 դարի մարտահրավերները հաղթահարելու համար": Ընտրարշավի ընթացքում սենատոր Քլինթոնն ասել է. "Ես հավատում եմ, որ Օսմանյան Կայսրության կողմից հայերի դեմ գործած դաժան իրադարձությունները ցեղասպանության ակնհայտ դեպք են ներկայացնում: Մեր ընդհանուր բարոյականությունը և մարդու իրավունքների առաջատար ձայնի մեր պետության հեղինակությունը, որպես մարտահրավեր, մեզանից պահանջում են երաշխավորելու, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և հիշատակվի Կոնգրեսում և Միացյալ Նահանգների նախագահի կողմից",- նշված է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter