Հայկական պատմամշակութային հուշարձանները չեն պահպանվում Ադրբեջանում և Վրաստանում
Հայաստանում և արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները կլոր սեղանի շուրջ կքննարկեն, լուծում կգտնեն և ռազմավարություն կմշակեն աշխարհի 14 երկրներից Հայաստան ժամանած ոլորտի մասնագետները: «Այսօր ամենակարևորը մեր պատմամշակութային ժառանգության, հուշարձանների պահպանությունն է: Այստեղ մենք ունենք երկու խնդիր` հուշարձանների պահպանությունը Հայաստանում և արտերկրում»,- «Հայկական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ-ում և արտերկրում» թեմայով եռօրյա կլոր սեղանի մեկնարկին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարն ասաց, որ Հայաստանի տարածքում հարցերը բարդ են, բայց շատ ավելի պարզ, քան արտասահմանում: Արտերկրում հարցերը շատ քիչ շոշափելի և շատ դեպքերում` անհայտ են. «Մենք պետք է ցավով արձանագրենք, որ այս հարցերին անդրադառնում ենք միայն այն ժամանակ, երբ մեր հուշարձանների հետ կապված խնդիրներ են առաջանում»:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի ՀԿ-ի և Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի համատեքստում կլոր սեղան-գիտաժողովի առջև դրված խնդիրները ներառում են` հայկական պատմամշակութային ժառանգության ցուցակագրման խնդիրը, ինչպես նաև դրանց արծարծման և լուծման ձևաչափերի մշակումը: «Մենք արտերկրում տարբեր ֆորմատներով ու ձևաչափերով մասնակցում ենք տարբեր միջոցառումների, բանակցություններ ենք վարում, պայմանագրեր ենք ստորագրում, բայց պատմամշակութային ժառանգության մասին հստակ տեղեկության բացակայության պատճառով հստակ խնդիրներ բարձրացնելու հարց ունենք»,- նշեց մշակույթի նախարարը:
Հասմիկ Պողոսյանը նաև խոսեց ոլորտում առկա հայաստանյան խնդիրների մասին` հավելելով, որ Հայաստանում պատմամշակութային հուշարձանների օրենսդրական դաշտն առաջընթաց է ապրել, գործող օրենքները բավականին կատարյալ են: Հայաստանը վերջերս միացել է «Եվրոպական ժառանգության պահպանության» կոնվենցիային, որը Հայաստանի պարտավորությունն է միջազգային հանրության առջև: Շուտով կառավարություն կներկայացվի «Պեղումների մասին» օրենքը, որը նույնպես կնպաստի հուշարձանների պահպանությանը:
Հայաստանում պատմամշակութային հուշարձանների արդի խնդիրներից է պահպանողական պարտավորագրեր չհանձնելու փաստը, հուշարձանների անխնա օգտագործումը: «Մեր մասնավոր հատվածի ներգրավվածությունը հուշարձանների պահպանության գործում թերի է: Արդյունքում մենք արձանագրում ենք, որ մեր զբոսաշրջությունը չենք կարողանում կատարյալ դարձնել, որովհետև հուշարձանների օգտագործման խնդիրն այսօր չենք կարողանում լուծել»,-ասաց նախարարը` շարունակելով, որ խնդիր կա նաև հուշարձաններին վնաս հասցնելու պարագայում համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: Չունենք համապատասխան մարմին, չունենք նաև համապատասխան օրենսդրական դաշտ: Խնդիրներ կան նաև հուշարձանների անձնագրերի և կադաստրավորման կարգի մշակման հետ: Տեղական բյուջեներում հուշարձանների պահպանության համար միջոցներ հատկացված չեն: Ավարտելով Հայաստանում ոլորտի խնդիրները թվարկելը` մշակույթի նախարարն իր ակնկալիքը հայտնեց մասնակիցներին, որպեսզի Երևանում և Օշականում անցկացվող եռօրյա գիտաժողովի և կլոր սեղանի քննարկումների արդյունքում գոնե հնարավոր լինի հուշարձանների պահպանության և օգտագործման մասով որոշակի ռազմավարական ուղղություն մշակել:
«Քաղաքակիրթ համարվող երկրում չի կարող ոտնձգություն կատարվել մշակութային ժառանգության վրա: Կարծում եմ` սա առաջին չափանիշը պիտի լինի մարդուն կամ երկիրը քաղաքակիրթ համարելու, որովհետև այն, ինչ համընդհանուր է, բնականաբար, արդեն դուրս է բոլոր տեսակի նեղ անձնական, նույնիսկ նեղ պետական շահերից: Մենք պետք է կարողանանք պահպանել համընդհանուր արժեքները»,-հավելեց միջոցառմանը մասնակից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ, ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը նույնպես փաստեց, որ Հայաստանում վիճակը համեմատաբար լավ է: Արցախոմ էլ գործում է համապատասխան կառույց, որը զբաղվում է հուշարձանների նորոգման ու պահպանության հարցերով: Անդրադառնալով հարևան պետություններում հայկական հուշարձանների պահպանության խնդրին` ճարտարապետության դոկտորն ասաց, որ Իրանում հայկական ճարտարապետական հուշարձանները պետության հոգածության ներքո են, որը բավականին հուսալի վիճակ է ստեղծել այնտեղ: Ըստ Մուրադ Հասրաթյանի` վիճակը սկսել է բարելավվել նաև Թուրքիայում. վերջին մի քանի տարիներին բավական առաջընթաց կա, որի ապացույցն էլ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումն է: Ի դեպ, այս փաստի առիթով կլոր սեղանի մասնակիցները ծափահարեցին և ողջունեցին Թուրքիայի ներկայացուցիչներին: Ճարտարապետության դոկտորը տեղեկացրեց, որ սկսել են նորոգել նաև Անիի Տիգրան Մեծ եկեղեցին: Դեռևս շատ վատ և վթարային վիճակում է Անիի Մայր Տաճարը: «Ադրբեջանում վիճակն այլ է, ադրբեջանական վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ թշնամական է, որի ապացույցն էլ Ջուղայի գերեզմանոցի օրինակն է»,- նշեց Մուրադ Հասրաթյանը:
Վրաստանում Սուրբ Նորաշենի վերջին դեպքերին անդրադառնալով` դոկտորը նշեց, որ սովետական տարիներին միայն Թբիլիսիում քանդվել է 10 հայկական եկեղեցի, և վրացիների այդ վերաբերմունքը դատապարտելի է. «Վրացականացումը շատ ցավալի է, միթե իրենք այդքան աղքատ են, որ ուզում են մեր հուշարձանները յուրացնել: Այս հարցում պետք է պետական միջամտություն, Մայր Աթոռի միջամտությունը»: Մասնագետը հավելեց, որ պետք է այս խնդիրները ներկայացնել միջազգային հանրությանը, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը տեղյակ լինի, իսկ Վրաստանը հասկանա, որ դա իրեն վայել չէ:
Առավել հեռավոր երկրներում, ինչպես Իտալիայում, Ռումինիայում և այլուր, հայկական հուշարձանները քաղաքակիրթ ձևով պահպանվում են, ոտնձգության դեպքեր էլ գրեթե չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել