Օգնություն 2 եւ ավելի հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին
Հաշմանդամների միջազգային օրը պետականորեն նշվում է նաեւ Ղարաբաղում: Այսօր այդ կապակցությամբ տարբեր միջոցառումներ կիրականացվեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից:
Ինչպես Հետքին տեղեկացրեցին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունում, այսօր նախարարության աշխատակիցները այցելելու են հանրապետության 2 եւ ավելի հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին: Բացի այդ ընտանիքների պայմանների ուսումնասիրությունից, նրանք նաեւ օգնություն են ցուցաբերելու` ինչպես դրամական, այնպես էլ սննդամթերքի տեսքով:
Նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը տեղեկացրեց, որ նման ընտանիքները Ղարաբաղում 12-ն են, որից 4-ը` Ստեփանակերտում, 2-ական` Մարտունու եւ Քաշաթաղի, 1-ական` Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի եւ Շուշիի շրջաններում: Այդ ընտանիքներում ընդգրկված են թվով 25 երեխաներ, որոնց էլ դրամական օգնության կարգով կտրամադրվի 50 հազարական դրամ:
Այսօր` հաշմանդամների օրվա կապակցությամբ, արցախյան պատերազմի 1-ին կարգի 9 հաշմանդամներին վերջերս տրամադրված ձեռքի կառավարման մեքենաների բանալիների հետ կհանձնվի նաեւ նրանց վարորդական իրավունքի վկայականները:
ԼՂՀ սոցապահովության նախարարության տվյալներով` հանրապետությունում ներկայումս հաշվառված է 10160 հաշմանդամ, այդ թվում` 530-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Ընդհանուր թվի 55%-ը աշխատունակ տարիքի է (16-63): Հաշմանդամ կանայք կազմում են ընդհանուր թվի 40%-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել