Սփյուռքի նախարարությունը դեռ համալրման եւ խնդիրների ճշգրտման փուլում է
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լատինական Ամերիկա եւ ԱՄՆ կատարած այցի արդյունքներն ամփոփելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ խնդիրներ եւ ծրագրեր ունի նախարարությունը: Ըստ նախարարի` ներկայումս հիմնական խնդիրը նախարարության համալրումն է. "Կարծում եմ մինչեւ տարվա վերջ այս խնդիրը կլուծվի":
Նախարարությունը համայնքներից տեղեկատվություն ստանալու, նաեւ տեղեկատվություն փոխանցելու խնդիր ունի. "Միայն այդ պայմաններում է հնարավոր ճիշտ ծրագրեր իրականացնել",- ասում է նախարարը եւ հավելում, որ մշակում են նախարարության կայքէջը, որը գործելու է 6 լեզուներով, ունենալու են նաեւ 6 լեզվով գործող էլեկտրոնային թերթ:
Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին նախատեսված է "1946-1948 թթ. հայրենադրաձությունը. դասերը եւ առաջիկա խնդիրները" թեմայով միջազգային գիտական կոնֆերանս, որին մասնակցում են նաեւ սփյուռքահայերը: Կոնֆերանսը, ըստ նախարարի, հնարավորություն կտա հայրենադարձության ճիշտ ծրագիր կազմել:
Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված դեպքերին. "Դատապարտում եմ բոլոր կարգի վանդալիզմը եւ գտնում եմ, որ պետք է խնդրին մոտենալ համալիր կարգով, քանի որ միայն Նորաշենի եկեղեցին չէ: Մեր բարեկամությունը Վրաստանի հետ դարավոր է եւ պետք է շարունակվի, մի քահանա իրավունք չունի սեպ խրել մեր հարաբերությունների մեջ":
Երուսաղեմում տեղի ունեցած հոգեւորականների ծեծկռտուքից հետո հայ հոգեւորականները բարձրաձայնեցին, որ Երուսաղեմում աշխատում են լարված պայմաններում, որ հայերի ունեցած տարածքները վտանգված են: Հետքը հարցրեց, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Սփյուռքի նախարարությունը. "Դա նաեւ Սփյուռքի նախարարության խնդիրներից է, բայց միայն Սփյուռքի նախարարության խնդիրը չէ, պետք է համալիր մոտեցում ցույց տալ մի շարք կազմակերպությունների հետ: Հարցը պետք է այնպես դրվի, որ մեր հոգեւոր դասին այնտեղ նեղություն չտան, եւ ամեն հայկականը շարունակի այդպես մնալ: Ի դեպ, սփյուռքում էլ անդրադարձ եղավ այդ հարցին":
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել