HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարության ստեղծումը ոգեւորություն է առաջացրել սփյուռքում

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ամփոփեց նոյեմբերի 8-17-ը Լատինական Ամերիկայի 3 երկրներ կատարած իր այցի արդյունքները, նաեւ` 18-27-ը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ կատարած այցը: Նախարարի այցը չորս նպատակ էր հետապնդում` մասնակցություն Հայ կանանց միջազգային միության 5-րդ համաժողովին, հանդիպում հայ համայնքի կառույցների, կազմակերպությունների եւ անհատների, պետական կազմակերպությունների եւ ղեկավարների հետ եւ մասնակցություն "Հայաստան" համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին:Հայ կանանց համաժողովը տեղի ունեցավ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էր 12 կին, որոնք եւ' պետական, եւ' մշակույթի, եւ' քաղաքական, եւ' գործարար աշխարհի ներկայացուցիչներ են: Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցում էին 150 կին 8 երկրներից, որոնք քննարկեցին կանանց հիմնախնդիրները տարբեր ոլորտներում: Հայաստանի պատվիրակության անդամները հանդես եկան ելույթներով: Համայնքի հետ աշխատանքները այցի երկրորդ նպատակն էր: Հ. Հակոբյանը նշում է, որ Լատինական Ամերիկայի երկրները տարբերվում են մյուս երկրներից. "Նախ` հեռավորությունը թույլ չի տալիս հաճախ շփվել, գաղութը հին է, եւ վերջին արտագաղթի արդյունքում մարդ գրեթե չի հայտնվել, գաղութը ուծացման վտանգի առաջ է կանգնած, մեծ տոկոս են կազմում խառն ամուսնությունները": Ըստ Հ. Հակոբյանի` տարեց հայերը մեծ պայքար են մղում գաղութը հայ պահելու համար. "Բուենոս Այրեսում ունենք Արմենի փողոցը, որի 150 հազ. քմ տարածքը հայկական է, այստեղ են կենտրոնացված տարբեր կառույցներ": Նախարարը նշում է, որ համայնքի գործունեությունից գոհ են տեղի իշխանությունները: Արգենտինայում նախարարին գոհունակություն են պատճառել մեծ հայկական դպրոցները, որոնք փորձում են կապ պահպանել ՀՀ ԿԳՆ-ի հետ. "Հզոր են նաեւ եկեղեցիները, ամենուրեք ունենք ուժեղ հայկական թեմեր": Սփյուռքի նախարարությունը այս այցից հետո մտադիր է մշակել "Լատինական Ամերիկայի հայ համայնքների օգնության" ծրագիր, որը կանդրադառնա կրթության հիմնախնդիրներին. "Կյանքի օրենք պետք է դարձնենք հեռահար ուսուցումը, ինչը թույլ կտա լեզուն, պատմությունը, եկեղեցու պատմությունը հաղորդել մեր հայրենակիցներին",- ասում է Հ. Հակոբյանը: Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարի, պառլամենտի փոխխոսնակի, Ուրուգվայի փոխնախագահի, արտաքին գործերի նախարարի, տուրիզմի նախարարի տեղակալի (ազգությամբ հայ), Բրազիլիայում մի շարք պատգամավորների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական, հայ-ուրուգվայական, հայ-բրազիլական հարաբերությունները: Հրանուշ Հակոբյանը կարեւոր է համարում Հանրային հեռուստատեսության հեռարձակումը Լատինական Ամերիկայում, ինչը բազմիցս նշել են հայ համայնքի ներկայացուցիչները: Լոս Անջելեսում Հ. Հակոբյանը ունեցել է 59 հանդիպում, 18 հրապարակային ելույթ եւ 10 հեռուստաելույթ. "Ի տարբերություն Լատինական Ամերիկայի երկրների` Կալիֆոռնիայի հայ համայնքը շատ հայկական է, մենք կարողացանք քննարկել բազմաթիվ հարցեր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների, կազմակերպությունների, Բժիշկների միության հետ",- նշում է Հ. Հակոբյանը: Սփյուռքի նախարարության ստեղծումը, ըստ նախարարի, մեծ ոգեևորություն է առաջացրել սփյուռքում: Հ. Հակոբյանին ուրախացրել են Մարի Մանուկյան եւ Ալեք Ֆիլիպոս դպրոցները, որոնք "ամբողջությամբ շնչում են Հայաստանով": Սակրամենտոյում պառլամենտի նախագահի հետ քննարկվել են հայկական եւ ամերիկյան դպրոցներում հայոց լեզու եւ պատմություն ուսումնասիրելու հնարավորությունները: "Հայաստան" համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախօրեին Հ. Հակոբյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որոնք նպատակ ունեին ավելի ոգեւորել հայ համայնքին: Գումարը, որը հանգանակվեց հեռուստամարաթոնի ընթացքում, պետք է առաջին անգամ օգտագործվի նաեւ Սփյուռքի խնդիրները լուծելու համար, ինչի մասին հայտարարել էր Հանրապետության նախագահը. "Գումարը պետք է օգտագործվի հատկապես կրթության եւ մշակույթի ոլորտներում, ինչը թույլ կտա լուծել հայապահպանության խնդիրը": Բոլոր համայնքներում, ըստ Հ. Հակոբյանի, ջերմությամբ են ընդունել Սփյուռքի նախարարության ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter