HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միացումը» -ը զորակցում է Շիրակի թեմի առաջնորդին

«Միացում» ազգային նախաձեռնությունը խորին վճռականությամբ դատապարտում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապօրինի և սրբապիղծ ոտնձգությունները Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ և իր զորակցությունն է հայտնում առաջնորդ սրբազան Հորը` Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր իշխանությունն ու անձեռնմխելիությունը քաղաքապետի քրեական նկրտումներից պաշտպանելու հարցում: «Միացում» ազգային նախաձեռնությունը հիշեցնում է ՀՀ իշխանություններին, որ հրապարակային հանցագործ և Հայոց պետությունը ծանրագույն կերպով վարկաբեկող Վարդան Ղուկասյանի որակի անձանց Շիրակի թեմի առաջնորդի դեմ քրեախուլիգանական ոտնձգություններին սատարելը դուրս է բարոյականության և քաղաքական խոհեմության բոլոր սահմաններից: «Միացում» ազգային նախաձեռնությունը փաստում է, որ բացառիկ հոգևոր ու իմացական արժանիքների տեր և հանրության համընդհանուր դրվատանքը վայելող Տ. Միքայել եպիսկոպոսի նկատմամբ սանձազերծված հալածանքն ու Մայր Աթոռի խնդրո առթիվ ցուցաբերած իշխանահաճո ստորաքարշությունը վերստին և ակներևաբար վկայոմ են, թե որքան խորն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության անհամապատասխանությունը` Աստուծո և ազգի առջև սրբաշնորհ օծմամբ ստանձնած պարտավորություններին: Հայաստանյայց եկեղեցին Հայոց պետականության հոգևոր կենսունակության, Հայոց քաղաքակրթական ինքնության պահպանման և ազգային անվտանգության հիմնարար և անփոխարինելի բաղադրիչներից է: Այս առումով, 1999 թվականից Հայաստանյայց եկեղեցում սրբազան կանոնների կոպիտ ոտնահարմամբ ստեղծված անհանդուրժելի հոգևոր իրավիճակը լրջագույն սպառնալիք է թե՛ ազգային ու ներեկեղեցական կյանքի անաղարտությանը և թե՛ Հայաստանի պետական անվտանգությանը: «Միացում» ազգային նախաձեռնությունը, միանալով Շիրակի հավատավոր հայության արդար վրդովմունքին, վճռականորեն վերահաստատում է իր զորակցությունը Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և զգոնության կոչ անում ՏՏ.Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին` ևս մեկ պարսավելի արարքով Աստուծո և ազգի դատաստանի առաջ սեփական պատասխանատվության չափը չմեծացնելու խնդրանքով: Արձանագրելով, որ ազատագրված հայրենի տարածքը պաշտպանելու անհրաժեշտությունը չէր ծագի, եթե Հայաստանի քաղաքական և հոգևոր վերնախավը գիտակցեր իր դերն ու պատասխանատվությունը հայության առջև, «Միացում» ազգային նախաձեռնությունը մեծապես կարևորում է Հայաստանյայց Եկեղեցու արժանավոր սպասավոր Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին սատարելու բոլորիս քաղաքացիական պարտավորությունը` հանուն Հայոց քաղաքակրթական ոգեղեն արժեքների և սահմանադրական իրավունքի գերակայությամբ արդար, զորեղ և հայեցի պետություն կերտելու անսասան կամքի: «Միացում» ազգային նախաձեռնություն Երևան 03.12.2008 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter