HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրահավաք եւ ասուլիս` ի պաշտպանություն Սրբազանի

Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զորակցելու նպատակով կիրակի օրվանից Շիրակի մարզի տարբեր համայնքներում ստորագրահավաք է սկսվել: Այս մասին այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խմբի անդամները, ովքեր ասուլիս էին հրավիրել կիրակի օրը կաթողիկոսի հետ ունեցած իրենց հանդիպման մանրամասները պատմելու նպատակով: «Չպիտի լինի նախադեպ, որ աշխարհիկ բանսարկության, բամբասանքի պատճառով հանկարծ թեմի առաջնորդի փոփոխման փաստ Հայաստանում գրանցվի: Մեր այս անհանգստությունն ենք փոխանցել Վեհափառին ու ապավինել ենք նրա իմաստությանը, մենք բառացի այսպես էլ նրան ասել ենք»,- ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: «Կաթողիկոսն էլ շատ զգույշ ու նուրբ է նայում այս հարցին, քանի որ լավ գիտի Շիրակի խնդիրները, նա շփվեց, տեսավ, որ սրբազանին պաշտպանողները բավականին լուրջ մարդիկ են, ու ասաց, որ իր հետ էլ դեպքեր են եղել, բայց այսպիսի պատվիրակություն չի կանգնել իր կողքին: Սա շատ կարևոր պատմական փաստ ենք համարում, և եթե նա իր այդ բարձրությունից նայում է մեզ, հավանում է, ժպտում է և ընդառաջ է գնում, մի բառով` հանդարտեցում, ինչ կա չհանդարտվելու, ինչ է կատարվել: Ամեն մեկը թող ունենա իր մեղքի զգացումը, իր կատարած գործին իր աչքերով, վերլուծելով նայի, և ամեն ինչ լավ կլինի: Ժողովուրդը կանգնեց Աջապահյանի կողքին, որովհետև ստացավ հոգևոր շինարարություն: Մենք քաղաքապետի հետ խնդիր չունենք, բայց աղանդների ջրաղացին ջուր լցվեց, թող ամեն մեկը վերլուծի, թե ում է ձեռնտու սա»,- ավելացրեց ՀՀ վաստակավոր արտիստ Սիրանույշ Ղուկասյանը: Իսկ թե ում է ձեռնտու այս վիճակը, մեկնաբանեցին Շիրակի մարզի ԵԿՄ-ականները: Նրանք մասնավորապես ասացին, որ Շիրակի մարզը պառակտողը իշխանություններն են, որոնք «այսպիսի կռիվներ գցելով` փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական կնճռոտ խնդիրներից»: «Եթե իշխանությունների մատը խառը չլիներ, Գյումրու քաղաքապետը չէր կարող դուրս գալ սրբազանի դեմ ու ինչ-որ բաներ աներ: Տաս-տասնհինգ օր շարունակ երկրի իշխանությունները և կաթողիկոսը էդ ամենին հանգիստ էին նայում: Տասնհինգ օր շարունակ հանրապետական մամուլը, անգամ հանրային հեռուստատեսությունը Շիրակի մարզի կոնֆլիկտն էր ցուցադրում, բայց ոչ մի քայլ չձեռնարկվեց` ո’չ իշխանությունների, ո’չ էլ կաթողիկոսի կողմից: Նրանց ինչ հետաքրքիր է էս քաղաքի ճակատագիրը, վերջին հաշվով` քաղաքապետն ու թեմի առաջնորդը հակամարտության մեջ էին: Ինչն էր պատճառը, բա չսսկեցնեն, չնեստեցնեն տեղները: Այսինքն` սա ինչ-որ մեկին ձեռնտու էր` շեղել ժողովրդի ուշադրությունը խոշոր գլոբալ քաղաքական հարցերից` անօրինական դատավարություններից, Ղարաբաղի խնդրից, և որպեսզի ժողովուրդը էս ամենից կտրվի, չըմբոստանա, չհարցնի, թե ինչու է Սարկոզին հայտարարում, որ հունվարից Ղարաբաղի հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, այսպիսի պատմություններ են հրահրում, բայց սա ազգակործան քայլ է»,- ասաց ազատամարտիկ Ժորա Աթոյանը: Երկրապահ կամավորակնները հերքեցին Գյումրիի քաղաքապետարանի տարածած այն ստահոդ լուրերը, թե սրբազանը քաղաքականությամբ է զբաղվում եւ «թունդ լևոնական է»: «Կիրակի եկեղեցու մոտ` ի պաշտպանություն սրբազանի, այսպես ասած մինի հանրահավաք տեղի ունեցավ, բայց ոչ մի լևոնական չկար, սրբազանին պաշտպանողները դաշնակներն էին, ԲՀԿ-ականները, ԱԺՄ-ականները, ամոթ չի, ինչ լինի` Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր, ինչ կապ ունի սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», -զայրացած ասաց Արմեն Զաքարյանը: Նրանք նաև «պառակտիչներին» նախազգուշացրեցին, որ իրենց «չար նախաձեռնությունը» Շիրակի մարզում չի իրագործվի, և որ քաղաքապետ-սրբազան կոնֆլիկտին շուտով վերջ կդրվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter