«Հայաստանում սպասվող ճգնաժամը լինելու է ներքին տնտեսական քաղաքականության արդյունք»
Հայաստանի վրա Միջազգային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունների շուրջ այսօր «Հայելի» ակումբում բանավեճում էին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն ու տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Ի՞նչ եք արել ճգնաժամի հետևանքները մեղմելու համար, բացի նրանից, որ վարչապետի ասածով աչք եք փակել ճգնաժամի վրա: Բյուջեն ավելացել է երկու անգամ, որտեղի՞ց»,- հարցրեց տնտեսագետն ու ինքն էլ պատասխանեց. «Հարկերը, մաքսատուրքերը փաստացի բարձրացել են, հարկային տեռորը, բառից բուն իմաստով, տնտեսությանը խեղդում է»:
Մինչդեռ, Ա. Թեւանյանի խոսքերով` ամբողջ աշխարհում վարում են ավելի շատ խթանող եւ պետության չմիջամտող քաղաքականություն, որն արտահայտվում է հարկերի իջեցման տեսքով. «Եվրոպական երկրները գնում են այդ ճանապարհով: Ռուսաստանը, որին շատ են սիրում կրկնօրինակել մեր իշխանությունները, գնում է շահութահարկի իջեցման ճանապարհով, ավելացված արժեքի հարկն այնտեղ ավելի պակաս է, քան մեր 20 տոկոսը: Այսինքն, եթե պետությունը չի կարողանում օգնել, գոնե չի խանգարում: Մեզ մոտ ճիշտ հակառակն է»:
Ի պատասխան` Վարդան Այվազյանը նշեց, որ վերջին 8 տարում Հայաստանում օրենսդրությամբ սահմանված որեւէ հարկային դրույքաչափ չի բարձրացել: Իսկ տնտեսագետը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե օրենսդրությանը, այլ փաստացի գոյություն ունեցող իրավիճակին, երբ նպատակ է դրվել ամեն գնով բյուջեն լցնել: Ըստ Թեւանյանի` սրա ապացույցը հարկերի գերավճարի առկայության փաստն է. «Մարդկանց ուղղակի ստիպում են ավել հարկ վճարել»:
Այս համատեքստում տնտեսագետը եզրակացրեց, որ մեր երկրում սպասվող ճգնաժամը լինելու է ավելի շատ ներքին տնտեսական քաղաքականության, քան արտաքին ազդեցության պատճառով:
Իր խոսքում Վ. Այվազյանը նշեց, որ միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանին սպասվում է դժվարին 2009 թ., եւ անհրաժեշտ է աշխատել ուժերի գերլարումով: «Կառավարությունն իր գործունեության ծրագրում իրականացնում է միջոցառումների մի շարք ծրագրեր, որոնք պետք է մեղմեն սպասվող դժվարությունները, եւ ինչո՞ւ ոչ` ապահովեն նախատեսված տնտեսական աճը: Դա ներդրումային խոշոր ծրագիրն է` մինչեւ 250 մլն ԱՄՆ դոլար` փոքր եւ միջին բիզնեսին, գյուղացիական տնտեսություններին աջակցվող ծրագիրն է, «Համահայկական» բանկի ստեղծումն է, խոշորագույն շինարարություններն են` նոր ատոմակայանի եւ հայ-իրանական երկաթուղու շինարարություն»,- ասաց պատգամավոր Այվազյանը:
Տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը տարակուսեց, թե ի՞նչ գումարներով են իրականացվելու այդ ծրագրերը, եթե 2009 թ. բյուջեի նախագծում դրանց մասին որեւէ հիշատակում չկա: Այվազյանն էլ հակադարձեց, որ դա արվելու է ոչ բյուջետային միջոցներով` արտասահմանյան ներդրումների շնորհիվ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել