HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 11 օժանդակ դպրոցի շուրջ պատմությունը շարունակվում է

Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 օժանդակ դպրոցում որպես կամավորականներ աշխատած երիտասարդներն այսօր «Ուրբաթ» ակումբում հանդես եկան մամուլի ասուլիսով: Նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքի ժամանակ դպրոցում հայտնաբերված մի շարք թերություններ, որոնց մասին հայտնել են տնօրինությանը, սակայն հարցը լուծում չի ստացել, եւ երիտասարդ կամավորականները դիմել են համապատասխան մարմիններին: «Դիմեցինք հետախույզի, հետաքննող լրագրողներին, պատգամավորի` ՕԵԿ-ից Ստեփան Ասլանյանին, ով մի երկու այցելությունից հետո ասել է, թե վատ հոտից բացի ամեն ինչ նորմալ է, ՄԱԿ-ին եւ Առաքելական եկեղեցուց ներկայացուցչի»,- ասում է Վարդան Հովհաննիսյանը: Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական թողարկումը երեք անգամ անդրադարձավ այս դպրոցի խնդրին, ինչից հետո Էրեբունու քննչական բաժնում գործ հարուցվեց, որի շրջանակներում ցուցմունքներ են տվել նաեւ կամավորականները: «Մենք մեզ այնտեղ մեղադրյալներ զգացինք, որովհետեւ մեզ հետ կոպիտ ու վիրավորական վերաբերվեցին, ասացին` ավելի լավ է մենք ինքնապաշտպանությամբ զբաղվենք, քանի որ գործը ավելի մեր դեմ է ուղղված»: Հարցաքննության ընթացքը, ըստ կամավորական Մարիամ Սուխուդյանի, հոգեբանական մեծ ճնշումների մթնոլորտում է անցել. «Ես չգիտեի, որ երեք ժամից ավելի բացատրություն չեն գրում, իսկ փոխարենը 7 ժամ այնտեղ էի: Քննիչ Ադամյանը մեզ անվանել է ֆանատիկներ, առաքյալներ»: Երիտասարդներն ուզում են, որ մեղավորները պատժվեն, սակայն սրան խոչընդոտում են նաեւ երեխաների ծնողները, ինչը, ըստ կամավորական Արման Ղարիբյանի, հետեւանք է այն բանի, որ երեխաները, մտավոր թերզարգացածություն չունենալով, հայտնվել են այդ դպրոցում ծնողների «շնորհիվ». «Նրանք երեւի ինչ-որ գործարքների են գնացել տնօրինության հետ, հիմա եթե ամեն ինչ բացահայտվի, նրանք էլ պատասխանատվության բաժին կունենան»: Հայաստանում կան երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ, սակայն, ըստ կամավորականների, նրանք բացարձակ անտարբեր են. «Մենք այսքան աղմկում ենք, բայց գործը տեղից չի շարժվում»,- ասում է կամավորական Հայկ Սավզյանը: Կրթության եւ գիտության նախարարությունը, ըստ կամավորականների, ջանքեր չի գործադրում, որպեսզի գործը անաչառ քննվի. «Քանի որ այդպիսի դպրոցները փակ համակարգ են»: ԿԳՆ-ից զանգել են կամավորակններին եւ առաջարկել հանդիպել թիվ 11 օժանդակ դպրոցում, բայց երիտասարդները չեն համաձայնել հանդիպման վայրի հետ: «Մեզ ուզում են ցույց տալ, որ դպրոցում բարելավումներ են կատարվել, սակայն մենք ուզում ենք, որ բարելավումները հեռանկարային լինեն»,- ասում է կամավորական Վարդանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter