HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բաքվի ճակատագրական սխալն այն է, որ նա անընդհատ փորձում է ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել»

Արցախյան լրատվամիջոցների հարցերին պատասխանել է ԼՂՀ ԱԺ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը Վերջերս 1news.az գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հանդես է եկել մի շարք հակահայկական հայտարարություններով` մասնավորապես նշելով, որ «ռուսների օգնությամբ կարողացել են մոտ 30 գյուղ մաքրել հայերից»: Ըստ ամենայնի, նա նկատի ուներ հայտնի պատժիչ «Կոլցո» ռազմագործողությունը, որն իրականացվել էր Ղարաբաղի ժողովրդի դեմ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին, ադրբեջանական ՕՄՈՆ-ի եւ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համատեղ ուժերով: Բայց այդ մասին քիչ ավելի ուշ: Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից հնչող նմանատիպ հայտարարությունները, որոնք հաճախ հիմնավորվում են կոնկրետ քայլերով, մեզ համար նորություն չեն: Ադրբեջանում, որի կազմի մեջ էր մտցվել Լեռնային Ղարաբաղը` իր բնակչության կամքին հակառակ, խորհրդային իշխանության առաջին իսկ տարիներից Բաքուն անց էր կացնում խտրականության քաղաքականություն, որն արտահայտվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական արգելակմամբ, Ադրբեջանի հումքային հավելուկի նրա վերածմամբ, ակտիվ ժողովրդագրական էքսպանսիայի անցկացմամբ` ԼՂԻՄ հայաթափության նպատակով, հայկական հուշարձանների եւ մշակութային արժեքների ոչնչացմամբ ու յուրացման փորձերով: 1923-1979թթ. մարզի քարտեզից անհետացան մոտ 50 հայկական գյուղեր, հարյուրավոր եկեղեցիներից ու վանքերից եւ ոչ մեկը չէր գործում: Բաքվի իշխանությունները ամեն կերպ փորձում էին վերացնել հայկական մշակույթի հետքերը… Այլ կերպ ասած, ամբողջ թափով գործում էր «քաղաքը մերն է, հետեւաբար եւ հալվան էլ մերն է» մեխանիզմը; այն ամենը, ինչ Ադրբեջանը, որպես մրցանակ ստացավ խորհրդայնացման դիմաց, Բաքվում փորձում էին մատուցել որպես զուտ ադրբեջանական: «Ժողովուրդների միջեւ բարեկամության եւ եղբայրության» խորհրդային նշանաբանի տակ ադրբեջանական իշխանությունները «դանդաղ եղեռն» էին իրականացնում: Արժե՞ արդյոք զարմանալ, որ 1990թ. հունիսի 2-ին Խոջալուի մանածագործական ֆաբրիկայի բացման ժամանակ նույն Այազ Մութալիբովը հայտարարել էր. «Համբերատար եղեք հայերի նկատմամբ, նրանք մեր տնվորներն են»: Երբեմնի ամենակարող ադրբեջանական տիրակալ Հեյդար Ալիեւը չամաչեց հրապարակավ իրեն վերագրել այն վաստակը, որ 1979թ. հետո նրան հաջողվել է ԼՂԻՄ հայկական բնակչության թիվը նվազեցնել 10%-ով: «Երբ ես էի ղեկավարում Ադրբեջանը…, մենք մեծ ուշադրություն էինք դարձնում Ղարաբաղին: Ճիշտ է` որոշ դիլետանտներ մեղադրում էին ինձ դրա մեջ: Ես այդպես էի անում, որովհետեւ, նախ անհրաժեշտ էր Լեռնային Ղարաբաղը բնակեցնել ադրբեջանցիներով, երկրորդը` թույլ չտալ հայերին բարձրացնել այս հարցը»,- հայտարարել էր նա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված 2001թ. փետրվարին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստի ժամանակ: Այնուհանդերձ, դատելով այս ամենից, «դանդաղ եղեռնը» ակնհայտորեն ձեռնտու չէր Բաքվին, եւ որպեսզի ավելի արագացնի էթնիկ զտումների գործընթացը, սիստեմատիկորեն դիմում էր արյունալի ջարդերի: Միայն 1918-1920թթ ժամանակահատվածում, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է երկրամասի բնակիչների 20%-ը: Չնայած այս ամենին, 1923թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման ժամանակ հայկական բնակչությունը 95% էր կազմում, իսկ ադրբեջանականը` ընդամենը 3%: 1918թ. Լեռնային Ղարաբաղի հայերի թիվը հասնում էր 330 հազարի: Երկրամասի բնականոն զարգացման դեպքում, 1988թ. նրա բնակչության թիվը կհասներ 700-800 հազարի: Բաքվի մեղքով ղարաբաղյան շարժումը, որի հիմքում ընկած էր ղարաբաղցիների վաղեմի իրավունքների պաշտպանման արդար պահանջը, բաց բախման տեսք ստացավ, որը շուտով վերաճեց երկարատեւ եւ արյունալի զինված դիմակայության: Վերադառնալով մեր զրույցի սկզբին` նշեմ, որ հրեշավոր պատժիչ գործողություններից մեկի` «Կոլցո» օպերացիայի ընթացքում, որն ազդարարել էր լայնամասշտաբ պատերազմի սկիզբը, «անձնագրային ռեժիմի ստուգման» քողի տակ իրականացվել էր պետական ահաբեկչության աննախադեպ գործողություն: Առաջին զոհերը դարձան Գետաշեն եւ Մարտունաշեն հայկական գյուղերի բնակիչները: Անձնագրային ռեժիմի ստուգումը ուղեկցվեց թալանով, կողոպուտով, բռնություններով եւ խաղաղ բնակիչների, այդ թվում նաեւ ծերերի եւ երեխաների սպանություններով: Երեք շաբաթվա ընթացքում ղարաբաղյան 24 գյուղերի բնակչությունը արտագաղթի ենթարկվեց: «Ամռանը, երեք ոչ լրիվ ամիսների ընթացքում 24 գյուղերի հայկական բնակչությունը արտագաղթի ենթակվեց: Այդ ամենը արել են զինվորականները: ՕՄՈՆ-ը պարզապես կատարում էր իր «ոստիկանական» ֆունկցիաները` կողոպտում, բռնաբարում ու սպանում էր: Այս ամենը կոչվում էր «անձնագրային ռեժիմի ստուգում»,-գրել է Մ.Գոխմանը («Карабахская война», «Ղարաբաղյան պատերազմ», «Русская мысль», «Ռուսական միտք», նոյեմբերի 29, 1991թ.): 1991թ. մայիսի 22-ին, Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում «Կոլցո» ռազմագործողության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ Ա.Դաշդամիրովը հայտարարել էր, որ «մոտ ապագայում ԼՂԻՄ-ից պետք է արտագաղթեն 32 հազար բնակիչ»: Միաժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազ Ի. Գաիբովը` իր երախտագիտությունը հայտնելով Խորհրդային բանակին, ասաց, որ «այն պետք է լինի ավելի ակտիվ ու անվախ, եւ գործի առավել համառությամբ» («Коммерсант», N21, 1991г.): Արդյունքում Ղարաբաղի եւ Հայստանի սահմանամերձ շրջանների ավելի քան 100 մարդ սպանվեց, մի քանի հարյուրը գերեւարվեց: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքների եւ գյուղերի խաղաղ բնակչության գնդակոծությունների ու հրթիռակոծությունների ժամանակ: Իսկ մինչ այդ եղել էին Սումգայիթն ու Բաքուն, որտեղ Ադրբեջանը աշխարհին ներկայացրեց եղեռնի նոր հրեշավոր օրինակներ: 1992-1993թթ., լինելով Ադրբեջանի նախագահի պաշտոնում, Աբուլֆազ Էլչիբեյը հայտարարել էր. «Եթե մինչեւ այս տարվա (1992) հոկտեմբերը Ղարաբաղում մնա թեկուզ մեկ հայ, Ադրբեջանի ժողովուրդը կարող է կախել ինձ Բաքվի կենտրոնական հրապարակում»: Ինչպես գիտեք, Էլչիբեյը իր խոստումը չկատարեց, իսկ ճակատագիրը ղարաբաղցիների արդար ու վերջնական որոշման կողմն էր, որոնք աննախադեպ հերոսության ու տոկունության գնով կարողացան կանխել իրենց վերջնական ֆիզիկական ոչնչացման վտանգը եւ հաստատուն կանգնել ինքնորոշման վաղեմի իրավունքի իրականացման ճանապարհին` հիմնական միջազգային նորմերին համապատասխան: Այսօր Ադրբեջանը փորձում է իր իսկ սանձազերծած պատերազմում իրեն զոհի տեղ դնել` ուռճացնելով «միլիոնավոր փախստականների» եւ Հայաստանի կողմից գրաված «20% տարածքների թեման»: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: Այս տվյալների անհեթեթությունը հասկանալու համար հերիք է կատարել մի քանի պարզ թվաբանական հաշվարկներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սահմանակից Ադրբեջանի 7 շրջանների ամբողջ մակերեսը կազմում է Ադրբեջանի Հանրապետության ամբողջ տարածքի միայն 10%-ը, այնպես որ` 20% թիվը նվազագույնը երկու անգամ չափազանցված է: «Իսկապես, Ադրբեջանում բնակեցվել են շատ փախստականներ, բայց նրանց թիվը այնուամենայնիվ հազիվ գերազանցում է 750 հազարը: Նրանցից 500 հազարից մի քիչ ավելին 1992-94թթ. տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղից եւ նրա հարակից շրջաններից, իսկ մյուսները 1988-90թթ. հեռացել են Հայաստանից»,-իր հոդվածում գրել է Պատերազմի եւ Խաղաղության Լուսաբանման Ինստիտուտի համակարգող եւ խմբագիր Թոմաս դե Վաալը (Լոնդոն): Հեղինակավոր աղբյուրների համաձայն` հակամարտության հետեւանքով փախստականների եւ տեղահանվածների իրական թիվը 583 հազար է, ինչը կազմում է Ադրբեջանի բնակչության ընդհանուր թվի 7.9%-ը: Ընդ որում ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի տակ շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղի ողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մոտ 1/3-ը, Մարտունու շրջանի մի մասը: Այս ամենը կազմում է ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի 15%-ը: Անամոթություն եմ համարում նաեւ միայն ադրբեջանցի փախստականների մասին խոսելը, այն ժամանակ երբ գոյություն ունեն Ադրբեջանից մոտ կես միլիոն հայ փախստականները: Թեեւ պետք չէ զարմանալ, քանզի սուտը, կեղծիքը, փոփոխականությունը շանտաժի եւ պրովոկացիաների հետ միասին բարձրացված են Ադրբեջանի պետական քաղաքականության աստիճանի: Այսպես եւ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փաստորեն, հրաժարվել է Մոսկվայում ստորագրած եռակողմ հռչակագրից` «RAI International» ալիքին հայտարարելով, որ չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, եւ որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հետ համատեղ ստորագրած փաստաթուղթը «Բաքվին չի զրկում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքից»: Ի՞նչ կապ եք Դուք տեսնում խորհրդային շրջանի ադրբեջանական ղեկավարների եւ ներկայիս քաղաքական գործիչների հայտարարությունների միջեւ: Բաքվի ճակատագրական սխալն այն է, որ նա անընդհատ փորձում է կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքերով: Նայած միջազգային իրավիճակին` նա դիմում է մե´կ Թուրքիային, մե´կ Ռուսաստանին, մե´կ Արեւմուտքին: Այսպես եւ նախկին նախագահ Մութալիբովը, թախիծով հիշելով այն ժամանակվա գաղափարախոսություններով հարբած խորհրդային զորքերի աջակցությունը, այժմ փորձում է ստանալ որոշակի ռուսական շրջանակների աջակցությունը: Մինչդեռ Բաքվում պետք է վաղուց դասեր քաղած լինեին անցյալից եւ դուրս պրծնեին այդ արատավոր շրջանից: Ժամանակն է վերջապես գիտակցել, որ խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, եւ որ միայն Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի համաձայնության հասնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter