Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների օժանդակ դպրոցի մասին պատմում են կամավորականները
ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում 2008 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կամավորական սկզբունքով Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 օժանդակ դպրոցում աշխատած երիտասարդները այսօր «Ուրբաթ» ակումբում հանդես եկան մամուլի ասուլիսով: Նրանք ներկայացրեցին երեխաների հետ սերտ շփման արդյունքում իրենց հանդիպած մի շարք խնդիրները: Կամավորական Վարդան Հովհաննիսյանը ասում է, որ դպրոցը, նախատեսված լինելով մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, ըստ իրենց, ունի նաև լիովին առողջ մտավոր ունակությունների տեր երեխաներ: Դպրոցում կրթության մակարդակը, ըստ նրա, խիստ ցածր է. «Շատ աշակերտներ գրել չգիտեն, շատ վատ են կարդում, ոչ բոլոր տառերին են ծանոթ»,-ասում է Վարդանը: Իսկ կամավորական Արման Ղարիբյանը փաստում է, որ երեխաների հետ մեկ ամիս անգլերեն պարապելուց հետո, նրանք սովորեցին այբուբենը եւ նույնիսկ անգլերեն արտահայտություններ գիտեին:
Երեխաները բողոքում էին նաեւ սննդից: Կամավորական Հրաչ Սավզյանը ասում է, որ երեխաները նախընտրում են բավարարվել ցամաք հացով, իսկ երեխաների չկերած ճաշերը բաժին են հասնում տնօրենին պատկանող դպրոցի տարածքում գտնվող խոզերին, հնդկահավերին և շներին: Կամավորականները պատմում են, որ դպրոցի ներսում առկա է ծանր, տհաճ օդ, ինչը պայմանավորված է նրանով, որ երեխաները հազվադեպ են լողանում: Կամավորականները պատմում են երեխաների պատմածը, որի համաձայն` նրանց նկատմամբ կիրառվում է ծեծ և այլ ֆիզիկական պատիժներ: Երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում հատկապես դպրոցի տնօրենի ազգականները, որոնք աշխատում են նույն դպրոցում: Հրաչ Սավզյանը ասում է, որ դպրոցի տնօրենը եւ այլ ղեկավար անձինք երեխաներին` որպես անվճար աշխատուժ աշխատացնում են իրենց տներում և հողամասերում:
Դպրոցում սովորող բարձր դասարանի աղջիկները կիսվել են կամավորականների հետ եւ պատմել նրանց, որ հայոց լեզվի և գրականության ուսուցչ Լեւոն Ավագյանը իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել: Երեխաները պատմել են, որ իրենք այդ մասին տեղեկացրել են նաեւ դպրոցի աշխատակազմին, բայց նրանք այդ ամենը վերագրում են երեխաների «վառ երևակայությանը», որը, ըստ նրանց, հեռուստասերիալների արդյունքն է. «Երեխաներին, ի դեպ, երեկոյան մի սենյակ են լցնում ու սերիալ միացնում»,- պատմում է Հայկը: Վարդանը նշում է, որ բոլոր խնդիրների մասին զրուցել են դպրոցի տնօրենի եւ աշխատակազմի հետ, որից հետո իրենց մուտքը դպրոց դարձել է անցանկալի. «Երեխաները ճնշումների են ենթարկվել, և նրանք հերքում են իրենց պատմածները, սակայն, ունենք ձայնագրություն, որտեղ աղջիկներից մեկը խոստավանել է, որ իր պատմածները ճիշտ են, պարզապես իրենց սովորեցրել են ստել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել