Փոխվարչապետը Ստրասբուրգում տվել է խոստումներ
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ Եվրոպայի խորհրդում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր Բուքիքիոյի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Զրուցակիցների խնդրանքով քննարկվել են Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների հարցերը, մամուլի եւ խոսքի ազատության ոլորտում պետության կողմից իրականացվող միջոցառումները, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ընթացիկ զարգացումները:
Ներկայացնելով պարզաբանումներ եւ տեղեկատվություն` Արմեն Գեւորգյանը հավաստիացրել է, թե «Հայաստանի կառավարություն իր իրավասության շրջանակներում կանի առավելագույնը` բարեփոխումների արդյունավետության ապահովման համար»: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:
Ագոյի խումբը փոխվարչապետից հետաքրքրվել է նաեւ 2008 թ. աշնանն անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով: Ա. Գեւորգյանը նշել է, որ «ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորվել է բազմակուսակցական ՏԻՄ համակարգ»: Աղբյուրի փոխանցմամբ` ընդարձակ քննարկում է ծավալվել նաեւ ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության շուրջ:
Արմեն Գեւորգյանը ԵԽ պատասխանատուների հետ քննարկել է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Եվրախորհրդի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունը: Փորձագետների առաջարկություններով էապես ավելացվել են Երեւանի քաղաքապետի լիազորությունները: Փոխվարչապետը վստահեցրել է, որ քննարկումների արդյունքում ձեւավորված բոլոր մոտեցումները հաշվի կառնվեն օրենքի նախագծի վերջնական տարբերակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել