HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Գրիգորյան. «ՁԻԱՀ-ի դեմ պայքարը միայն պետության խնդիրը չէ»

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարահային օրն է, որը նշվում է «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը» կարգախոսով: Ըստ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ այսօր աշխարհում ապրում է 33 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակը արդեն հասցրել է խլել 25 մլն մարդու կյանք: 1988 թվականից մինչ օրս մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք: Ընդ որում` 2007 թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ այս տարի` 118 նոր դեպք: Հայաստանում ՄԻԱՎ վարակով հիվանդներից 284-ի մոտ (կին` 59, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում` 2007 թ. ընթացքում՝ 59, իսկ այս տարի 74 հիվանդի մոտ: Համաճարակի սկզբից գրանցվել է հիվանդների մահվան 154 դեպք: Մահացածների թվում են 24 կին և 3 երեխա: ՄԻԱՎ-ով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 489 մարդ (74,5%): Իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 167 (25,5%), իսկ երեխաների մոտ` 13 դեպք (2%): ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում` 301 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 45,9%-ը: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 10,1%: Ստորև ներկայացնում ենք Հետքի հարցազրույցը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ: Պարոն Գրիգորյան, միայն այս տարի գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակման 118 նոր դեպք, ինչո՞վ է պայմանավորված վարակի տարածման աճը մեր երկրում: Դեպքերի առավելագույն թիվն իսկապես գրանցվել է այս տարվա 11 ամիսների ընթացքում: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. առաջին հերթին՝ լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչպես նաև՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծմամբ: Արդյունքում բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, ինչպես նաև աճել է արձանագրված ՁԻԱՀ-ի դեպքերի թիվը, որը պայմանավորված է ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ինդիկատորային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ: ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով` շնորհիվ մեր կողմից իրականացված սեմինար-վարժանքների: Եվս մեկ կարևոր հանգամանք. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքը ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան, հիմնականում՝ Ռուսաստանից և Ուկրաինայից: Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ ոչ այնքան դեպքերի թիվն է աճել, որքան մեծացել են վարակի հայտնաբերման հնարավորությունները: ՄԻԱՎ վարակի իրական տարածվածությունը գնահատելու համար անցկացվում են վարքագծային և կենսաբանական հետազոտություններ, և այդ հետազոտությունների արդյունքներով կարելի է փաստել, որ ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբի` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում վարակի տարածվածությունը նվազել է. 2005 թ. նախկին 9,3%-ից 2008 թ. այն հասել է 6.8%-ի, որը իրական նվազում է: Բացի այդ, առավել վտանգի ենթարկվող այլ խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը կայուն թվերի վրա է: Մենք այսօր կարող ենք փաստել, որ վերջին տարիներին արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ՄԻԱՎ վարակի ախտորոշման հայտնաբերման բարելավման հետ: Կա 2300 հաշվարկային վարակակիր, բայց 656 գրանցված դեպք: Կարելի ՞ է ասել, որ դա պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացիները չեն ուզում ընդունել, որ իրենք ունեն այդ հիվանդությունը: Կան մի քանի խնդիրներ, նախեւառաջ՝ տեղեկացված լինելու խնդիրը: Մարդիկ պետք է տեղեկացվեն, որ ՄԻԱՎ վարակը երկարատև, թաքնված ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որը կարող է տևել 7-15 տարի՝ առանց կլինիկական էական ախտանշանների, երբ մարդը կարող է արտաքինից առողջ տեսք ունենալլ: Դրա հայտնաբերման հնարավոր միակ տարբերակը արյան լաբորատոր հետազոտությունն է: Բացի այդ, պետք է իմանան փոխանցման ուղիների մասին: Բոլոր նրանք, ովքեր երբևէ ունեցել են ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ, այսինքն՝ երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, երբևէ ունեցել են պատահական սեռական կապեր առանց պահպանակի օգտագործման, ունեցել են սեռական ճանապարհով փոխանցվող որևէ հիվանդություն, երբևէ ենթարկվել են մաշկի եւ լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների` դակում, դաջում, կասկածելի մաքրության գործիքներով և պիտույքներով, դիմեն համապատասխան ծառայություններին և անցնեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, որն, ի դեպ, անվճար է, ցանկության դեպքում կարող է անցկացվել անանուն հետազոտություն, և դրա արդյունքների գաղտնիությունը կերաշխավորվի, ինչպես նաև կարող են դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն և ստանալ խորհրդատվություն, անցնել հետազոտություն և ճշտել իրենց կարգավիճակը ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ մարդիկ իմանան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կլինիկա-համաճարակաբանական առանձնահատկությունները, քանի որ շատ մարդիկ իրենց հետ այդ վտանգը չեն կապում` մտածելով, որ վարակը իրենց կշրջանցի: Մարդիկ կարծում են, որ դա վերաբերում է թմրամիջոցների ն երարկային օգտագործողներին, մարմնավաճառ կանանց, և եթե իրենք դասական իմաստով այդ խմբերի ներկայացուցիչը չի, ուրեմն ՄԻԱՎ-ը իրեն չի վերաբերում: Դա այդպես չէ, քանի որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել անգամ մեկ թմրամիջոցի ներերակային օգտագործումից, անգամ մեկ սեռական հարաբերությունից: Հայաստանում վարակված կանանց մեծ մասը վարակվել է իր միակ զուգընկերոջից` ամուսնուց: Մենք ունենք միգրանտ աշխատողներ հիմնականում Ռուսաստանում և Ուկրաինայում, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը բարձր է, և այնտեղ նրանք ունեն պատահական սեռական հարաբերություններ, ավելի վտանգված են ՄԻԱՎ-ով վարակման առումով: Նույնիսկ եթե կինը մարմնավաճառ չէ, բայց քանի որ ՄԻԱՎ վարակի ցուցանիշը այդ երկրներում բարձր է, ապա վարակման հնարավորությունը նույնպես բարձր է: Հետևաբար, պետքէ նաև հետազոտման մոտիվացիան բարձր լինի: Ինչու՞ հետազոտվել, որպեսզի հնարավորինս վաղ անհատը ճշտի իր կարգավիճակը ու բուժում անցնի, որը հնարավորություն կտա կյանքը էականորեն երկարացնել, կյանքի որակը լավացնել, անհատը հնարավորություն կունենա պլանավորել իր հետագա կյանքը, հնարավորություն կունենա չվարակել իր հարազատ մարդկանց, կանխարգելիչ միջոցառումներ անցնել: Եվ մարդը, ճշտելով իր կարգավիճակը և անցնելով բուժման, իր ներդրումն է ունենում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Եղել են դեպքեր, երբ քարոզարշավների ընթացքում 100, 1000-ավոր մարդիկ դիմել են հետազոտություն անցնելու նպատակով: Այժմ պետական մակարդակով ի՞նչ քայլեր են իրականացվում վարակի կանխարգելման համար: ՁԻԱՀ-ի դեմ պայքարը միայն պետության խնդիրը չէ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ներգրավված են նաև միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, քանի որ միայն պետությունն իր ներդրմամբ չի կարող բոլոր կարիքները հոգալ: Կառավարությունը ընդունել է 2007-2011 թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագիրը, որի շրջանակներում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ ծրագրեր բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում՝ «հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցում, խորհրդատվություն և հետազոտություն, տեղեկատվության տրամադրում, կանխարգելման միջոցների տրամադրում և այդ միջոցների կիրառման հմտությունների ուսուցանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում է նաև բուժում, խնամք, աջակցություն, հակառետրովիրուսային բուժման կարիք ունեցողները, ովքեր տվել են իրենց համաձայնությունը, ստանում են այդպիսի բուժում, ՄԻԱվ վարակ ունեցող հղի կանանց տրամադրվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում, նրանցից ծնված երեխաները ստանում են արհեստական կաթնախառնուրդներ և հակառետրովիրուսային օշարակներ, ապահովվում է դոնորային արյան անվտանգությունը և այլն: Հայաստանը վարակի տարածվածության առումով վտանգի ո՞ր մակարդակի վրա է գտնվում: Ընդհանուր բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը կազմում է 0.1 %, որը բարձր թիվ չի համարվում, սակայն մենք պետք է աչալուրջ լինենք՝ հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք շատ մեծ ծավալների միգրացիա ունենք, և այս առումով խնդիրը ոչ միայն ազգային է, այլև տարածաշրջանային, և չի բացառվում, որ մոտակա ժամանակներում անցկացվելիք տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ քննարկվող թեմաներից մեկը լինի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և միգրացիայի խնդիրները, կքննարկվեն համագործակցության հարցերը, քանի որ մեր համերկրացիները դրսում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայություններից օգտվելու խնդիրներ ունեն: Հետևաբար, մեզ չպետք է հանգստացնի, որ մենք ցածր վարակվածություն ունեցող երկիր ենք, քանի որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարը տեւական եւ անընդհատ գործընթաց է, եւ միայն նպատակաուղղված համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է կասեցնել համաճարակի հետագա զարգացումը: Դրա համար պետք է անհրաժեշտ միջոցների առկայություն և պետական աջակցության ընդլայնում: Եթե հիվանդն անցնում է կանխարգելման միջոցառումներ, դա ինչքա՞ն կարող է երկարաձգել նրա կյանքը: Ներկայումս կյանքի վերին սահման չի նշվում, հիվանդությունը երիտասարդ հիվանդություն է, և այսօր այդ մարդիկ, ստանում են բուժում` ուղղված կյանքի երկարացմանն ու լավացմանը, նպաստում է նրան, որ ակտիվ կյանք վերադառնան, աշխատեն, ստեղծագործեն: Ուղղակի խնդիրն այն է, որ ինչքան վաղ հայտնաբերվի վարակը, այնքնան մեծ է հնարավորությունը կասեցնելու հարազատ եւ սիրելի մարդկանց վարակումը, մարդը պետք է առողջ ապրելակերպ վարի, ընդունի դեղամիջոցները, լսի բժիշկների ցուցումները, հետևողական ձևով անցնի բուժումը, որը ցմահ է, ընդհատում չի ենթադրում: Բուժման ցանկացած ընդհատում հղի է նրանով, որ կձևավորվի դեղակայուն շտամ, և բուժումը կդառնա անարդյունավետ: Վստահության հեռ.` 61-08-20, 66-01-10 Հարցազրույցը՝ Աստղիկ Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter