HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է սպասվում Ղարաբաղում

Ղարաբաղում նոր տարուց նախատեսում են բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. բնակիչները 1 կվտ-ի դիմաց 20 դրամի փոխարեն կվճարեն 25 դրամ: Սակագների փոփոխությունը մեկնաբանվում է տարբեր կերպ: Շատերն այն կապում են «Արցախէներգո» ընկերության վաճառքի հետ:Հանրապետական «Ազատ Արցախ» թերթում մեկնաբանելով հարցը՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Վալերի Բալայանը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը կապ չունի ընկերության կարգավիճակի փոփոխման հետ: Նա միաժամանակ նկատել է, որ Ղարաբաղն էլեկտրաէներգիա է գնում մի երկրից (Հայաստանից), որն իր քաղաքացիներին վաղուց այն վաճառում է 25 դրամով, իսկ Ղարաբաղում այն վաճառվում է 20 դրամով: «Ի դեպ, 2009-ի ապրիլի 1-ից Հայաստանում սպասվում է սակագնի նոր բարձրացում, այդ դեպքում համապատասխան փոփոխություն կկատարվի նաեւ մեր երկրում»,- ավելացրել է Վալերի Բալայանը: Հիշեցնենք, որ Ղարաբաղը, բացի էլեկտրաէներգիա ներկրելուց, նաեւ որոշ չափով արտադրում է: «Արցախէներգո» ընկերության տնօրեն Գենադի Կոստանդյանը դա պայմանավորում է նրանով, որ «սկսած 2008թ. հունվարի 1-ից՝ Թարթառհէկը էլեկտրաէներգիան սկսեց վաճառել 3, ապա եւ՝ 3,5 դրամով, իսկ նոյեմբերի 1-ից՝ 5,5 դրամով (առանց ԱԱՀ-ի)»: «Փաստորեն, միայն գնված էլեկտրաէներգիայի դիմաց «Արցախէներգո»-ն 2008թ. պետք է վճարի 2072,5 մլն դրամ: Արտադրական անհրաժեշտությունից ելնելով՝ ընկերությունը ստիպված էր դիմել ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով»,- ասում է պրն Կոստանդյանը: Խոսելով «Արցախէներգո» ընկերության վաճառքի մասին՝ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետը նշել է, որ, իրոք, գոյություն ունի ընկերությունը գնելու առաջարկ: ««Արցախէներգո»-ի զարգացման ծրագրի իրագործման համար պետք է ներդրվի առնվազն 15 մլն դոլար: Իսկ այդ ծրագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի պետության անվտանգության ապահովման, բնակչությանն ու տնտեսությանը անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու գործում: Մի խոսքով, ընկերությանն անհրաժեշտ են հսկայական ներդրումներ, ինչը պետությունը չունի: Այսօրվա դրությամբ՝ գնորդների կողմից ուսումնասիրվում է ընկերության ներդրումային ծրագիրը, եւ նոյեմբերի վերջին մենք սպասում ենք պատասխանի»,- հավելել է Վ. Բալայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter