HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրբազանի ընկերը վրդովված է. «Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ակնհայտորեն զրպարտում են»

Վերջին շաբաթներին Շիրակի թեմի առաջնորդի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճաբանությունն այնքան թեժացավ, որ մամուլում Սրբազանին վարկաբեկող հրապարակումներ հայտնվեցին: Միքայել եպիսկոպոս Աջապահյանին մասնավորապես «մեղադրում են մարդկանցից նրանց ունեցվածքը հանուն իր բարօրության խլելու, «Ջիպ»-ով երթևեկելու եւ սոցիալ-կրթական կենտրոնի կառուցման համար շինարարից 16 միլիոն դրամ շորթելու մեջ»: Այդ հրապարակումից հետո «Հետքի» խմբագրություն զանգահարեց Սիմֆերոպոլում (Ուկրաինա, Ղրիմ) ապրող հայ գործարար, բարերար Համլետ Ճորոխյանը, ով այնտեղ ղեկավարում է շինարարական գործունեությամբ զբաղվող «Շիրակ» ՍՊԸ-ն եւ հայտնեց, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մասին հրապարակված տեղեկությունները ստահոդ են: «Նրա վարած «Ջիփ» մակնիշի մեքենան ես եմ 2005թ. նվիրել, Սրբազանն իմ մանկության ընկերն է, եւ երբ 2003-ին այցելել էր Ղրիմ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ (Գրիգորի սրբազան, հայր Երեմյան եւ այլն) ես խոստացա, որ մեքենա եմ նվիրելու իրեն մարզի տարբեր համայնքներում գտնվող եկեղեցիներն այցելելու եւ հավատացյալներին հանդիպելու համար, եւ 2005-ին կատարեցի խոստումս: Ես ավելի թանկարժեք մեքենա էի ուզում գնել, բայց Սրբազանն արգելեց: Ինչ վերաբերում է սոցիալ-կրթական կենտրոնին, ապա դա կառուցվել է «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Միջեկեղեցական Կլոր Սեղան» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որը որոշ գումար էր տրամադրել, բայց անհրաժեշտ էր նաեւ տեղական ներդրում, եւ Սրբազանը դիմեց ինձ: Ես 25 մլն դրամ եմ ներդրել այդ կենտրոնի կառուցման համար: Անցյալ տարի սեփական կամքով իրականացրել եմ նաեւ Առաջնորդարանի ջեռուցուման ապահովման աշխատանքները, որովհետեւ մինչ այդ առաջնորդարանի հոգեւորականները սառում էին ձմռան ամիսներին»: Ուկրաինայում նույնպես բարեգործական ծրագրեր իրականացնող գյումրեցի գործարար Ճորոխյանը համոզված է, որ իր պարտքն է աջակցել Շիրակի թեմին. «Ղրիմում մանկապարտեզներ եւ այլ շինություններ եմ կառուցել բարեգործական հիմունքներով, իմ մանկության ընկեր Սրբազանին մի մեքենա իրավունք չունե՞մ նվիրելու կամ Առաջնորդարանին օգնելու, ես Գյումրիում երկրաշարժից տուժած իմ բազմաթիվ անտուն ընկերների համար բնակարաններ եմ գնել, առաջին նվիրատուներից եմ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի»: Ի հեճուկս «ստահոդ լուրեր տարածողների»՝ վերջում վրդովված գործարարն ասաց. «Երեք տարին մեկ փոխելու եմ Սրբազանի մեքենան ու ավելի լավն եմ գնելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter