HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում շարժում է սկսվում՝ ի պաշտպանություն թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը

Թվով մոտ 80 գյումրեցիներ նոյեմբերի 28-ին ժամը 16-ին այցելեցին ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարան` հանդիպելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այցելուների թվում էին գիտնականներ, ուսուցիչներ, հասարակական, կուսակցական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ, ազատամարտիկներ, արհեստավորներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ: Թեմի առաջնորդը ընդունեց այցելուներին եւ լսեց նրանց: Գյումրեցիների հետ այստեղ եկած լրագրողները, թեմի առաջնորդի խնդրանքով, էլեկտրոնային գրառումներ չկատարեցին:

Այցելուների նպատակը Շիրակի թեմի առաջնորդի որպիսությունն իմանալն էր: Նրանք իրենց ելույթներում զորակցություն հայտնեցին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` կապված վերջին տասն օրերի ընթացքում նրա անվան շուրջ կապված զանազան շահարկումների հետ: Գյումրեցիները նշեցին, որ թեմի առաջնորդի հետ կապված խնդիրն այլեւս դարձել է գյումրեցիների եւ շիրակցիների օրակարգային խնդիրը, եւ իրենք բոլոր հնարավոր ջանքերը ներդնելու են, որպեսզի կանխեն հնարավոր բոլոր հակաժողովրդական զարգացումները եւ որպեսզի որեւէ մեկը չկարողանա անհարկի միջամտել թեմի հոգեւոր կյանքին, փորձի հոգեւոր դասի վրա ազդելով` հասնել թեմի առաջնորդի պաշտոնափոխության:

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը նշեց, որ թեմը միայն քաղաքը չէ, եւ բոլոր մյուս քաղաքային եւ գյուղական համայնքների ժողովուրդն էլ պատրաստ է իր բողոքի ձայնը բարձրացնել ի սատարումն թեմի առաջնորդի: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ մեր իրականության մեջ չգիտե մեկ այլ հոգեւորականի, որ գնա հացադուլավոր ազատամարտիկների կողքին նստի եւ ասի, թե չի լքի նրանց, մինչեւ չդադարեցնեն հացադուլը:

Ներկաները նշեցին, որ թեմի առաջնորդի դեմ սարքվող բանսարկությունները հիմնականում քաղաքական պատճառ ունեն, որովհետեւ այս հոգեւորականը իշխանություններին, մեղմ ասած, դուր չի գալիս իր` ժողովրդասեր վարքով: Լրագրող Համլետ Մոսինյանը նշեց, որ ընդամենը 30 րոպե է հարկավոր, որպեսզի ամբողջ մարզը ոտքի ելնի, դուրս գա փողոց պաշտպանելու հարգված, սիրված ու պատվական առաջնորդին:

«Խորան Արդ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ առավոտնից մտահոգ գյումրեցիների անունից մի քանի հեռախոսազանգ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի Գավազանապետին եւ հանդիպում-տեսակցություն խնդրել Վահափառ Հայրապետի հետ, նշելով, որ Շիրակի թեմի հասարակական պատվիրակությունը կազմված է 12 հոգուց:

Ավելի ուշ` երեկոյան ժամը 19-ին, Գավազանապետը պատասխանեց, որ Հայրապետին զեկուցել է հանդիպման խնդրանքի մասին, բայց հանդիպման օր եւ ժամ դեռ չի նշանակված: Այցելուների թիվը հանդիպման 40 րոպեների ընթացքում շարունակում էր աճել եւ անցավ հարյուրը:

Թեմի առաջնորդին այցելությունից հետո մտահոգ եւ վճռական գյումրեցիք այցելեցին Շիրակի թեմի նորակառույց սոցիալ-կրթական կենտրոն: Այս եռահարկ կառույցը, որ աղբանանոցի վերածված նախկին բաղնիք էր, թեմի առաջնորդարանի, առաջնորդի ջանքերով եւ միջազգային ու հայաստանյան մի քանի բարեգործական կազմակերպությունների նվիրատվությունների միջոցով հիմնանորոգվել էր, այժմ կարիք ունի միայն երրորդ հարկի սենյակների ներքին հարդարման ծախսերի հայթայթման:

Այս կառույցի շինարարությունը սահմանված ժամկետում չավարտելու մեղադրանքով էր, որ Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը 3 օր առաջ գրություն էր ուղարկել թեմի առաջնորդին, սպառնալով, որ կառույցը կարող է օտարվել եւ առաջնորդը վարչական պատասխանատվության կարող է ենթարկվել եւ, հնարավոր է` օրենքով նախատեսված ավելի խիստ պատժամիջոցների:

Գյումրեցիները սոցիալ-կրթական կենտրոնում շուրջայցից հետո ինքնաբուխ ժողով գումարեցին, համարեցին, որ այսպիսով ստեղծված է համարվում Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբը: Երկու ժամ տեւած քննարկման ժամանակ հնչեց մոտ 25 ելույթ եւ եղան հետեւյալ առաջարկությունները. Բաց նամակով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին, ուղերձով դիմել հանրությանը, իշխանություններին, նամակով դիմել Շիրակի մարզից ՀՀ ԱԺ բոլոր 9 պատգամավորներին, 1999 թվի Ազգային-եկեղեցական ժողովի 14 պատվիրակներին, այդ նամակներում բացատրել իրավիճակը, շեշտել Շիրակի թեմի առաջնորդի բացառիկ դերակատարությունը թեմի հեգեւոր կյանքի զարգացման գործում ու վճռականություն հայտնել, որ թեմն ամենայն կարողությամբ եւ զորությամբ պաշտպանում է իր առաջնորդին:

Առաջարկվեց նաեւ հանրահավաք ու ստորագրահավաք կազմակերպել ի պաշտպանություն հոգւոր արժեքների եւ թեմի առաջնորդի: Առաջարկվեց պատասխանել այսօր տպաքանակի պահպանման խնդիրներ ունեցող թերթերից մեկում Սրբազանի հասցեին նետված բազմաթիվ ստերով եւ վիրավորանքներով լեցուն հոդվածին ու տխրահռչակ հոդվածագրին, առաջարկվեց անգամ, այլեւս այդ հեղինակին չբարեւել: Վերջին առաջարկը հումանիստական մղումներով, քրիստոնեաբար մերժվեց մեծամասնության կողմից: Մյուս գործողությունները, որոշվեց գործի գցել հերթականությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter