Սրբազանին պաշտոնա՞նկ են անում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստորագրահավաք էր կազմակերպել Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ` նրան մեղադրելով «հոգևորականի կեցվածք չունենալու ու քաղաքականությամբ զբաղվելու մեջ»:
Տարածված խոսակցությունների համաձայն՝ Գյումրիի քաղաքապետը հասել է նրան, որ վերևներում «սկսել են քննարկել սրբազանին պաշտոնանկ անելու կամ այլ թեմ տեղափոխելու հարցը»:
Երեկ Գյումրիի թվով հիսուն մտավորականներ` հ/կ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, ազատամարտիկներ, լրագրողներ ու տարբեր պաշտոնյաներ հանդիպել են թեմի առաջնորդին` հայտնելով, որ հանուն արդարության պատրաստ են ստորագրահավաք ու հանրահավաք կազմակերպել, անգամ «հոգևոր արժեքների պահպանմանշտաբ» հիմնել:
«Մեր քաղաքը գիտի պայքարի բոլոր ձևերը, մենք ԳԱԼԱ հեռուստաընկերության օրինակով արդեն իսկ ապացուցել ենք, որ գյումրեցիների հետ խաղեր տալ պետք չէ, ո՞վ է ասել, որ ժողովուրդը սրբազանին դեմ է, դա հերյուրանք է: Մենք հայտարարում ենք, որ սրբազանը մենակ չէ»,- ասացին գյումրեցիները: Նախաձեռնող խմբի ղեկավարը` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Հետքի հետ զրույցում ասաց. «Բոլոր օրինական ու բարոյական միջոցները ներդնելու ենք, որ ընդհանրապես քաղաքական իշխանությունը չհամարձակվի փոփոխություններ բերել հոգևոր աշխարհի դաշտում, հոգևոր կյանքում, նման նախադեպ չենք ուզում թույլ տալ և թույլ չենք տալու, միլիմետր տարակույս չունեմ, որ թեմը համերաշխությամբ, ամբողջությամբ, վճռականությամբ պաշտպանել և պաշտպանելու է սրբազանի վարքը` որպես թեմի առաջնորդի: Այս խնդիրն այլևս սրբազանինը չէ, քաղաքապետինը չէ, այս խնդիրը Գյումրիի հավատացյալ ժողովրդինն է: Ես նրան լավ եմ ճանաչում, գիտեմ, որ նա պատրաստ է ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն այնտեղ, որտեղ նրան կնշանակի Վեհափառը, սակայն խնդիրն այլ է, խնդիրն այսուհետ մերն է»:
Նա նաև տեղեկացրեց, որ թեմի անունից բաց նամակ են պատրաստել՝ ուղղված կաթողիկոսին, մոտ օրերս պատրաստվում են տասհինգ հոգուց բաղկացած խմբով այցելել նրան ու անձամբ այն փոխանցել: Ի դեպ, մասնակիցները մտահոգված էին, որ կաթողիկոսին Գյումրիից «ոչ ճիշտ» տեղեկատվություն է փոխանցվում:
Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն էլ փոխանցեց. «Ինչպե՞ս է լինում, որ էս երկրում ճշմարտախոսությունը, օբյեկտիվությունը դիտվում է որպես կողմնապահություն, ով ճշմարտախոս է` ընդդիմադի՞ր է, էս ի՞նչ նոր լեզվաբանական հնարքներ են մտցնում, պարզ է, որ շատերին դուր չպիտի գար սրբազանի`ազատ խոսքի պաշտպանության դիրքերից հանդես գալը կամ հացադուլավորների կողքին կանգնելը, և նրան պարտադիր պիտի պիտակավորեին որպես ըննդիմադիր կեցվածք ունեցող, քաղաքականությամբ զբաղվող հոգևորական: Սակայն հաշվի չեն առնում, որ սիրված առաջնորդին կպնելով՝ թեմին են վրդովեցնում: Ո՞վ չգիտի, որ Միքայել Աջապահյանը միակ լեգիտիմ սրբազանն է, Շիրակի մարզի միակ հեղինակությունը, ժողովրդի հարգանքն ու աջակցությունը վայելող միակ պաշտոնյան: Ինչու՞ հասարակության կարծիքը հաշվի չեն առնում, հասկացանք՝ մարզպետը պարտադրված պաշտոն է, քաղաքապետն էլ Գյումրիում համարյա նշանակովի է, բայց գոնե կրոնական հարցերում իշխանությունները չպիտի միջատեն ու հասարակությանը իրենց սիրած անձից զրկեն: Էնպես են անում, որ էս երկրում ինչքան նորմալ մարդ կա` հասարակության վրա քիչ թե շատ ազդեցություն ունեցող, պատասխանատու դիրքերում հանկարծ չհայտնվի: Էնպիսի տպավորություն է, թե Թուրքմենստանում ենք ապրում, ամեն ինչ մի կենտրոնից է կառավարվում, էնպես, որ թքած ունենան հասարակության վրա»:
Տեղեկացնենք, որ Գյումրիի քաղաքապետին վերջերս հաջողվեց պաշտոնանկ անել նաև ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Գյումրիի ստորաբաժանման ղեկավար Գևորգ Շահինյանին: Քաղաքապետն ավագանու որոշմամբ նրան անվստահություն հայտնեց ու իր տեսադաշտից հեռացրեց` տեղափոխել տալով Ախուրյանի ստորաբաժանում: Այժմ էլ, փաստորեն, նույն ձեռագրով քաղաքապետը փորձում է տեղափոխել տալ թեմի առաջնորդին: Թեև հոգևոր առաջնորդի պաշտպանները վստահեցրին, որ քաղաքապետը զուր հույսեր է փայփայում: Այսօր ժամը 15-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբում այս թեմայով ժողով է տեղի ունենալու ու հրապարակվելու է կաթողիկոսին ուղղված բաց նամակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել