Հայաստանում կայացավ ՀԱՊԿ անդամ-պետությունների հերթական նիստը
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունները` նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի:
Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության կայքէջը:
ՀԱՊԿ անդամ-պետությունների` մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են երկկողմ ռազմական փաստաթղթեր:
Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի և Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի, ՀԱՊԿ կոալիցիոն բանակաշինության մեխանիզմների կատարելագործման, ՀԱՊԿ անդամ-պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի զարգացման հեռանկարների, ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ արձագանքման Հավաքական ուժերի կատարելագործման վերաբերյալ:
Նիստից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությամբ:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ս. Օհանյանը նշեց, որ լիագումար նիստում քննարկվել են արդիական, կոնցեպտուալ և գործնական բնույթի հարցեր. «Ըստ օրակարգի՝ անդրադարձ է կատարվել նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են կառույցի զարգացման ռազմավարությունը` ժամանակակից իրողություններին համահունչ: Որոշում է ընդունվել համատեղ միջոցառումների հեռանկարային պլանավորման, օպերատիվ-մարտական պատրաստության, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների` կառույցի շրջանակներում գործունեությունը պլանային հիմքի վրա դնելու վերաբերյալ»,- ասաց նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել