Գերմանիան ԱՄՆ-ից հետո Հայաստանի համար երկրորդ խոշոր ներդրողն է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության տնօրեն Ֆրանկ Թիբիթանցլին:
Վարչապետը գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական համագործակցության մասին` նշելով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԱՄՆ-ից հետո Հայաստանի համար երկրորդ խոշոր ներդրողն է: Երկուստեք կարեւորվել են տեխնիկական գործակցության շրջանակներում Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ առաջիկա համագործակցության ծրագրերի մշակման ընթացքում կառավարության առաջնահերթությունները եւ առաջարկությունները: Հյուրերը ՀՀ վարչապետին տեղեկացրել են առաջիկայում Հայաստանում գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության գրասենյակ բացելու մտադրության մասին, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորինս կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը:
Ֆրանկ Թիբիթանցլը անդրադարձել է հատկապես մասնավոր ընկերությունների խրախուսման նոր ծրագրերին: Դրանցից մեկը, ըստ նրա, տարածաշրջանային ծրագիր է, որն արդեն մեկնարկել է եւ կոչվում է «Հարավային Կովկասում մասնավոր տնտեսության խթանման ծրագիր»: Նշված ծրագրի շրջանակներում փոխգործակցության նպատակով Հայաստանում գերմանական կողմն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` ճշտելու համար համագործակցության ուղղությունները: ԳԴՀ դեսպանը եւ տեխնիկական համագործակցության ընկերության տնօրենը առաջիկա ծրագրերի համար կարեւորել են արտահանման խթանման, սննդամթերքի անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքը, համայնքային տնտեության խթանումը, առեւտրի բնագավառում արգելքների վերացմանը նպաստող քայլերի մշակումն ու իրականացումը:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար առաջնահերթ են այն ծրագրերը, որոնք միտված են երկրում խթանելու տնտեսական աճը: Այս խնդիրը, ըստ վարչապետի, այսօր արդիական է ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային տնտեսության համար ընդհանրապես: 2009թ. Հայաստանում իրականացվելիք ցանկացած ներդրումային ծրագիր, Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետք է քննարկել նշված տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել