Հայ շախմատիստները երրորդ անգամ չեմպոն դառնալու հավակնություն ունեն
Այսօր «Տեսակետ» ակումբում Շախմատի 38-րդ օլիմպիադայի չեմպիոնները հանդիպեցին լրագրողների հետ:
Շախմատիստները փորձեցին բացահայտել հաղթանակի գաղտնիքը: Հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը գտնում է, որ հաջողության բանալին տղաների՝ ուժեղ շախմատիստներ լինելու մեջ է, նաեւ՝ թիմային ոգի ունենալը. «Տարբեր թիմերում խնդիր կա, թե որ շախմատիստն է մրցաշարում հանդես գալու սպիտակներով, քանի որ սպիտակներով խաղալը ավելի հարմար է, իսկ մեր թիմում սեւերով կամ սպիտակներով խաղալու խնդիր չկա»,- վստահեցնում է Ա. Պետրոսյանը:
Մարզիչը կարեւորեց պետական աջակցությունը, որը թույլ է տալիս թիմին գոյատեւել որպես մեկ օրգանիզմ:
Լեւոն Արոնյանը գտնում է, որ թիմը միշտ էլ ուժեղ էր, բայց Արշակ Պետրոսյանի ղեկավարությունը նոր լիցք տվեց իրենց:
Ըստ Արոնյանի` թիմը լարված էր Իսրայելի հետ խաղում, որովհետեւ գիտեին, որ այդ խաղի հաղթական ելքը իրենց կդարձնի օլիմպիական չեմպիոն:
Տիգրան Պետրոսյանն էլ կրկնակի պատասխանատվություն էր զգում, քանի որ հանդես էր գալիս Կարեն Ասրյանի փոխարեն. «Ես առաջին անգամ էի հանդես գալիս օլիմպիադայում, սակայն թիմը բոլոր ջանքերը գործադրեց, որ ես մերվեմ»:
Իսկ թե ինչո՞վ կզբաղվեին շախմատիստները, եթե չլիներ շախմատը, պատասխանն այսպիսին է՝ Գաբրիելը ֆուտբոլով կզբաղվեր, Վլադիմիրը` երաժշտությամբ, Արշակ Պետրոսյանը համալսարանում կդասավանդեր, Լեւոնը շաշկի կխաղար:
Շախմատիստները վստահեցնում են, որ երրորդ անգամ չեմպիոն դառնալու հավանականություն կա, եթե թիմը նույն տեմպերով հանդես գա:
Այն հարցին, թե դեպքեր եղե՞լ են, որ թիմից մեկը խաղի ժամանակ օգնի մյուսին ժեստերով, Լ. Արոնյանը պատասխանեց, որ դա իրենց գաղտնիքն է:
Ֆինանսական պարգեւներ Դրեզդենում շախմատիստները չեն ստացել, միայն` ոսկե մեդալներ:
Շախմատիստները հույս ունեն, որ մեկ շաբաթից հետո հնարավոր կլինի հանգստանալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել