Հայկական կողմի դիրքերը շարունակելու են ամուր մնալ` ապահովելով մեր ռազմական հաղթանակների քաղաքական ամրագրումը
«Արցախի ազատամարտիկների միությունը մի զորեղ նախազգուշացում է մեր հանրապետության բոլոր թշնամիների համար եւ զգալի աջակցություն է մեր ղեկավարությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում: Հայկական կողմի դիրքերը ամուր են եւ շարունակելու են այդպես մնալ` ապահովելով մեր ռազմական հաղթանակների քաղաքական ամրագրումը»,- այսօր հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` Արցախի ազատամարտիկների միության չորրորդ համաժողովի ժամանակ:Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձում, որը ներկայացրեց վարչապետ Արա Հարությունյանը, մասնավորապես նշվում է, որ մարտի դաշտում պաշտպանելով հայրենի երկրի ազատությունն ու անկախությունը, անձնվիրաբար պայքարելով հանուն հարազատ ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար՝ միության անդամները ակտիվորեն մասնակցում են հայրենիքի հետագա զարգացման, բարգավաճման, նրա պայծառ ու լուսավոր ապագայի կերտման ոչ պակաս դժվարին գործում:
«Ձեր քաղաքացիական ակտիվությունն ու պատասխանատվությունը վաղվա օրվա համար այժմ էլ չափազանց կարեւոր է ու հրատապ: Մեր պայքարը դեռ ավարտված չէ, եւ չենք հասել մեր վերջնական նպատակին: Եվ այսօր ավելի, քան երբեք պետք է լինենք համախմբված ու միասնական, զգոն ու աչալուրջ` միշտ պատրաստ պաշտպանելու սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր իրավունքը: Մեկ անգամ թանկ գին ենք վճարել այդ իրավունքը նվաճելու համար եւ չենք կարող այն նորից վտանգի ենթարկել»,- ասվում է նախագահի ուղերձում:
Տեղեկացնենք, որ Ազատամարտիկների միությունը ներկայումս ունի 6700 անդամ, իսկ նախագահը Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել