Անարդյունք ակտիվություն
ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Այն ակտիվացել է, կարծում է Թորոսյանը, սակայն որեւէ ձեռքբերում չի արձանագրվել: «Ցավոք, այդ ակտիվությունը պայմանավորված է տարածաշրջանի վերջին զարգացումներով, նաեւ ծառայում է տարբեր երկրների շահերին»,- ասում է պատգամավորը:
Նրա համար մտահոգությունների պատճառ է դարձել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, քանի որ «կարեւորվում է պրոցեսը, այլ ոչ թե հարաբերությունների արդյունքներն ու նպատակը, որը պետք է բխի ընդհանուր շահերից»: Բայց Թորոսյանը կասկած չունի, որ Հայաստանի ակտիվությունը բարի նպատակներ ունի: Միակ խնդիրը, ըստ նրա, այն է, որ այդ ակտիվությունից օգուտ են քաղում Թուրքիան եւ Ռուսաստանը. «Սա նորմալ բան է քաղաքականության մեջ, սակայն կարեւոր է, որ մենք էլ ունենանք ձեռքբերումներ»:
Տ. Թորոսյանը փաստում է, որ Թուրքիան իր նախապայմաններից չի հրաժարվել նույնիսկ նախագահ Գյուլի այցից հետո. «Ուրեմն ի՞նչն է ձեռքբերումը, օտար մարդկանց բարի արտահայտություննե՞րը: Սա չի կարող մեզ համար լինել գերակա շահ»,-ավելացնում է նախկին ԱԺ խոսնակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել