
Լույս է տեսել «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» հոբելյանական ժողովածուն
Երեկ հանրությանը ներկայացվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ռուբեն Տերտերյանի «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» գիրքը: Պետպատվերով հրատարակված գիրքը հանրությանը հուլիսի 29-ին ներկայացնելը խորհրդանշական է, քանզի այդ օրը հայ ականավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան օրն է:
Ժողովածուում կոմպոզիտորի որդի Ռուբեն Տերտերյանի զրույցներն են հոր հետ հայրենի տան, ընտանիքի, մանկության, ծնողների, ուսուցիչների, ստեղծագործությունների և կատարումների ընթացքի, 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտական մշակութային կյանքի մասին, նաև հատվածներ 1989-1994 թթ. հարցազրույցներից:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ աշխատությունը երկրորդ հրատարակությունն է (առաջինը լույս է տեսել Վ. Յուզեֆովիչի խմբագրմամբ, Եր., Խորհրդային գրող, 1989թ.), որում լրացված են կոմպոզիտորի այն մտքերը, որոնք խորհրդային գրաքննության պատճառով չէին ընգրկվել նախորդում:
Ավետ Տերտերյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի նախաշեմի մեծանուն հայ կոմպոզիտորներից է, ով իր երաժշտությամբ միաձուլվել ու ընկղմվել է արևելքի և արևմուտքի երաժշտական մշակույթներում:
Հայրենիքում և նրա սահմաններից դուրս ճանաչում են գտել Ա. Տերտերյանի ութ սիմֆոնիաները (1969-89), «Կրակե օղակ» և «Երկրաշարժ» օպերաները, որոնք աչքի են ընկնում ձևի, բովանդակության, երաժշտական լեզվի, հայկական մոնոդիաների, կոմիտասյան ավանդույթների փոխակերպման նորարարական հնարներով:
Մեկնաբանել