HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Թորոսյան. «Սատանան մանրամասների մեջ է»

Նախկին Հանրապետական եւ ԱԺ նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումները պայմանավորում է ոչ թե խնդրի կարգավորման ընթացքից ելնելով, այլ տարածաշրջանային զարգացումներով: Այս մասին նա այսօր հայտարարեց Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Բուռն գործողությունները սկսվեցին օգոստոսի սկզբին` ռուս-վրացական պատերազմով: Ադրբեջանի կշիռը բարձրացավ տարածաշրջանում, ուստի սա ազդակ դարձավ, որը սկիզբ դրեց հետագա գործողությունների»,- ասում է պատգամավորը: Սակայն նա չի բացառում նաեւ այլ գործոններ` նկատի ունենալով Ռուսաստանում եւ Հայաստանում նոր նախագահների իշխանության գալը: Մոսկվայի հռչակագրով, Տ. Թորոսյանի կարծիքով, Ռուսաստանի նախագահը փորձեց ցույց տալ, որ իրենք կարեւոր դերակատար են տարածաշրջանում: Պատգամավորը բացասական է վերաբերում այն փաստին, որ բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը. «Սա շատ վտանգավոր է, քանի որ այն կողմը, որի ճակատագիրը որոշվում է` բացակայում է: Սա անուղղակիորեն նշանակում է չճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»: Ըստ Թորոսյանի` Հայաստանը կարող է խուսափել նման փաստից, եթե այս հռչակագիրը ընդունի որպես նախագահների տեսակետների ամփոփում. «Այնուամենայնիվ, որեւէ էական տեղաշարժ գործընթացում չկա»,-ավելացնում է նա: Մադրիդյան սկզբունքների հիման վրա ստորագրված փաստաթղթի բացասական կողմերից մեկն էլ, ըստ բանախոսի, վերոնշյալ սկզբունքների անհայտ լինելն է. «Նախագծին հղում կատարելը ռեւերանս էր Մինսկի խմբի նկատմամբ, քանի որ այդ սկզբունքների նկատմամբ լիակատար համաձայնություն գոյություն չունի եւ այդ սկզբունքները ամբողջացված չեն»: Մադրիդյան սկզբունքները Թորոսյանը կարեւորում է, քանի որ համանախագահները սկսեցին խոսել երկու սկզբունքների ` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման շրջանակներում: Նախկին ԱԺ նախագահը դեմ է նաեւ նոր հանրաքվեի գաղափարին. «Ինչո՞ւ նախորդ հանրաքվեն հաշվի չենք առնում, այն անցավ համապատասխան բոլոր միջազգային նորմերին»: Վերջինիս խոսքերով` նոր հանրաքվեն առաջ կքաշի նոր հարցադրումներ, որոնք պատասխան չունեն, օրինակ, եթե Ղարաբաղի ժողովուրդը նորից կողմ քվեարկի անկախության օգտին, իսկ Ադրբեջանը դեմ լինի, ի՞նչ է լինելու այս դեպքում, ո՞վ է երաշխիք տալու, որ միջազգային հանրությունը ճանաչելու է անկախության փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter