HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հեռուստամարաթոն 2008»-ի արդյունքում հանգանակվել է ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է, որ «Հեռուստամարաթոն 2008»-ն արձանագրեց 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ` կրկնապատկելով նախորդ տարվա արդեն տպավորիչ ցուցանիշը: ԱՄՆ դոլարով նշված` հանգանակված գումարները հետեւյալն են. Լոս Անջելես - շուրջ 1.300.000, Լիբանան - շուրջ 200.000, Մոնրեալ - շուրջ 130.000, Արգենտինա - 100.000, Մեծ Բրիտանիա - 200.000, Հոլանդիա - 40.000, Ավստրալիա - 50.000, Նյու Յորք - 200 000, Ֆրանսիա - շուրջ 1.500.000, Գերմանիա - 85.000, Շվեյցարիա - շուրջ 33.000, Տորոնտո 250.000, Հունաստան եւ Կիպրոս - շուրջ 40.000: «Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսների ընթացքում կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը եւ այլն»,- տեղեկացնում է Հիմնադրամի մամլո ծառայությունը: Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15 միլիոն ԱՄՆ դոլար նվիրտավության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը: Խոշոր նվիրատուներից են նաեւ «Վիվասել ՄՏՍ»-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը եւ այլն: «Մենք կրկին ապացուցեցինք, որ մեր ազգը հզոր է, երբ համախմբվում է,- նշել է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: - Ծանր ժամանակներ են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ ամբողջ աշխարհի համար` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Սակայն, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, աշխարհասփյուռ հայերը ձեռք մեկնեցին Հայաստանի ու Արցախի գյուղերում ապրող իրենց հայրենակիցներին: Կարծում եմ, որ Հեռուստամարաթոնը տոն է, եւ այդ օրը յուրաքանչյուր հայ հպարտության զգացում է ունենում, որ ներկայացուցիչն է մի ազգի, որ երբեւէ չի ընկճվում եւ պատրաստ է սեփական ուժերով կառուցել իր ապագան»: Հեռուստամարաթոնի պատվավոր հյուրերի շարքում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Սրբազանը, Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը, նվիրատուներ ու հասարակական գործիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter