Եվրոպականացումը՝ կոնֆլիկտի լուծման բանալի
«Ռազմական առճակատումը և դրա անմիջական հետևանքները տարածաշրջանում կարող են հաղթահարելի լինել, եթե կարողանանք այսօրվա տարածաշրջանային խոցելիությունը վերածել ընդհանուր ծրագրերով և հավակնութուններով տարածաշրջանի ստեղծման ելակետի»,- հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը այսօր Կոնգրես հյուրանոցում հրավիրված «Հարավային Կովկաս- Եվրամիություն- անվտանգության համագործակցություն» թեմայով կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը կազմակերպել էին «Գլոբալիստիկայի և Տարածաշրջանային Համագործակցության ինստիտուտ» և «Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդը» համատեղ: Կոնֆերանսը բավականին ընդգրկուն էր և՛ հրավիրված փորձագետների, և՛ քննարկվող ենթաթեմաների առումով:
Ըստ Արման Կիրակոսյանի՝ մեծ ձեռքբերում է այն, որ Հարավային Կովկաս արտահայտությունը դուրս է եկել միջազգային հարաբերության գաղափարների բառապաշարից և կովկասյան 3 հանրապետությունները միասին սկսել են հանդես գալ տարածաշրջանային ընդլայնված ծրագրերում: «Մենք մոտենում ենք այն գաղափարին, որ պետք է հասկանալ, որ մենք սևծովյան պետութուններ ենք, ու ամենակարևորը՝ Եվրոպական Միության եվրոպական հարևաններ ենք»: Փոխարտգործնախարարի կարծիքով՝ տարածաշրջանային ծրագրերը պետք է համադրելի լինեն միջազգային համագործակցության ընդհանուր օրակարգին. «Արևելյան գործընկերության և Սևծովյան Համադաշնեցման համագործակցության ծրագրերը կարող են միջոցներ և բովանդակություն հաղորդել՝ իրագործելու 3 պետությունների բարի կամքը»:
Հայաստանում Գերմանիայի դեսպանը Անդրեա Ջոանա-Մարիա Վիկտորին ասաց, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ ռազմավարական շահ ունի, ուստի իրենք շահագրգռված են, որ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովվի, իսկ Վրաստանի դեպքերը ցույց տվեցին, որ լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ դրա համար: Տիկին Մարիա Վիկտորին հիշեցնում է, որ երեք երկրների հետ հարաբերությունները խորացնելուց զատ Եվրամիությունը մշակում է Արևելյան գործընկերության Սևծովյան համադաշնեցման ծրագիր, որի հիմքերը դրվել են Եվրամիությունում Գերմանիայի նախագահության տարիներին. «Տնտեսական ինտեգրումը խորացնելով, քաղաքական և մշակութային հարաբերությունները սերտացնելով, ինչպես նաև ոլորտային հարաբերությունները ամրապնդելով հարավկովկասյան երկրների հետ` նպատակ ունենք օժանդակելու այս երկրների կայունացման և ամրապնդման ջանքերին` այդ կերպ նպաստելով նաեւ Եվրամիության անվտանգությանը»:
Եվրահանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Ռոզենբերգը նշեց. «Մենք առաջարկում ենք մեր գործընկեր երկրներին կիսել մեր նվաճումները` խաղաղությունը, բարեկեցությունը, խաղաղությունը»: Ռաուլ դե Ռոզենբերգը զարմանում է, որ մեր տարածաշրջանում չի լսում «եվրոպականացում» բառը, չնայած, ըստ նրա, կոնֆլիկտները լուծելիս այս բառը ամենակարևոր բառն է դառնում, «քանի որ Եվրոպայում արված քայլերը Եվրոպան կոնֆլիկտի աղբյուրից վերածել են ամենախաղաղ տարածաշրջանի»:
Խոսելով ապագայի մասին՝ պատվիրակության ղեկավարը նշեց, որ հաջորդ շաբաթ առաջարկելու է մի ծրագիր` «Արևելյան եվրոպական գործընկերություն», որը, սակայն, չի փոխարինի Եվրոպական հարևանության ծրագրին և նպատակ ունի ավելի գրավիչ դարձնել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ: Ըստ Ռաուլ դե Ռոզենբերգի՝ այդ ծրագիրը ենթադրում է եվրոպական շուկայի բացում՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու միջոցով, ավելի ազատ կդառնա նաեւ վիզայի ռեժիմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել