Սոս Գիմիշյան. «2000 թվականից այս կողմ մեր տեղական ինքնակառավաման համակարգը ոչնչացվել է»
Հարցազրույց «Համայնքների Ֆինանսիստների միավորման» անդամ Սոս Գիմիշյանի հետ, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ) վերաբերող օրենսդրության մշակմանը և ընդունմանը
Պարոն Գիմիշյան, վերջերս Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Չեխիա: Ո՞րն էր այցի նպատակը:
Մեր այցելությունը նախաձեռնել էր «Եվրասիա» հիմնադրամը և պատվիրակության մեջ ընդգրկել էր տեղական ինքնակառավարման, պետական ծառայության, հակակոռուպցիոն խնդիրների հետ առնչվող մասնագետների: Այսինքն` պատվիրակության շրջանակները բավականին ընդգրկուն էին: Կային համայնքապետեր, գյուղապետեր, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Մեր այցելությունը տևեց բավականին երկար`մոտ մեկ շաբաթ: Մեզ այնտեղ դիմավորեցին «Ագոռա» հասարակական կազմակերպությունից, որոնք տարածքային կառավարման նախարարության հետ որոշակի համագործակցություն ունեն և համայնքների հետ մի շարք ծրագրեր են իրականացրել: Նրանք իրենց աշխատանքային հարաբերությունների և կապերի միջոցով կազմակերպեցին մեր հանդիպումները: Եղանք տարբեր համայնքներում, տարածքային կառավարման նախարարությունում (Չեխիայում ներքին գործերի նախարարություն), Պրագայի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցանք նաև հասարակական կազմակերպությունների հետ:
Այցելությունը 2 հիմնական նպատակ էր հետապնդում: Առաջինը` ծանոթանալ տեղական ինքնակառավարման համակարգին, չեխական փորձին, այդ համակարգի ձևավորմանն ու կայացմանը, քանի որ իրենք էլ փաստացի սոցիալիստական երկրներից մեկն են եղել, որտեղ տեղական ինքնակառավարում որպես այդպիսին չի եղել, և միայն սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո իրենք էլ անկախություն ստացան և բռնեցին ժողովրդավարության ուղին: Նրանք փաստացի ժողովրդավարության կարևորագույն հիմքն են համարում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը և այս վեջին 18-20 տարին այդ ճանապարհով են անցել, ու մեզ համար հետաքրքիր էր, թե նրանց մոտ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, ի՞նչ պրոբլեմներ կան, ինչպիսի՞ համակարգ է, որտե՞ղ են իրենք թերություններ տեսնում: Այդ փորձը կարող է լինել ուսանելի: Իսկ երկրորդ նպատակը տեղական ինքակառավարման ոլորտում հակակոռուպցիոն պայքարի մեթոդներին, ձևերին ծանոթանալն էր:
Չեխիայի տեղական ինքնակառավարման համակարգն ի՞նչ էական առանձնահատկություններ ունի:
Ի վերջո, Եվրոպա է և ակնհայտ է, որ Չեխիայի տեղական ինքնակառավարման համակարգն իր էությամբ ավելի կայացած է, չնայած ունի շատ լուրջ թերություններ,մասնավորապես՝ Չեխիայի համայնքները շատ փոքր են: Չեխիան ունի մոտ 6400 համայնք, իսկ 10մլն բնակչություն ունեցող պետության համար դա շատ է, համայնք կա, որտեղ 5 բնակիչ է ապրում, իսկ ինչքան շատ համայնք, այնքան շատ չինովնիկներ, որն, ի վերջո, չարիք է, ինչքան քիչ լինի բյուրոկրատիան,այնքան լավ: Իսկ եթե ուսումնասիրենք եվրոպական երկրները, օրինակ՝ Ֆինլանդիան կամ Շվեդիան, որոնք ունենք գրեթե նույն քանակությամբ բնակչություն, ինչ Չեխիան, և տարածքով էլ ավելի մեծ են, ունեն ընդամենը 280-300 համայնք: Ի դեպ, Չեխիայի որևե մարմնում հստակ թիվ չունեին, այդ թվերն անընդհատ փոփոխվում են, քանի որ այնտեղ օրենքով թույլատրվում է տարանջատվել և առանձին համայնք դառնալ:
1990թ., երբ իշխանափոխություն տեղի ունեցավ և մենք սկսեցինք պետական ինստիտուտները կառուցել, մենք` ժողովրդավարներս, նույն սխալը գործեցինք, որ եկանք ու որոշեցինք՝ ինչքան բնակավայր կա, այնքան տեղական ինքնակառավարման իրավունք տանք: Մենք 3 մլն ենք, մեզ մոտ 925 համայնք կա, որը մենք համարում ենք շատ է, հատկապես որ, որպես այդպիսին, դուք գիտեք, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգ գոյություն չունի: Այսօրվա համայնքապետերը պետական կառավարման համակարգի աննշան ու ոչ լուրջ ազդեցություն ունեցող կցորդն են, չունեն հնարավորություն ինքնուրույն գործելու, տնօրինելու համայնքային սեփականության միջոցները: Միայն իրավունքը քիչ է, եթե ունակությունը չկա, տալ իրավունք և չապահովել ֆինանսական ռեսուրսները, որ նրանք այդ իրավունքը իրացնեն, այդ իրավունքը զրո է դառնում:
Չեխիայում մեկ այլ դրական բան կա` հստակ երկմակարդականի տեղական ինքնակառավարում` համայնքներ և շրջաններ: Այն, ինչ որ մենք վերացրինք: Մեզ մոտ համայնք է, ու հետո գալիս է պետական կառավարման մարզային և կենտրոնական կառույցներ, մինչդեռ պետք է հակառակը լինի: Այսինքն՝ լինի համայնք, միջհամայնքային կառույցներ, շրջան և կենտորանական իշխանություն: Եվ այս 2-րդ մակարդակը մեղմացնում է փոքր համայնքների գոյությունը` իր վրա վերցնելով այն մեծ խումբ խնդիրները, որոնք համայնքները չեն կարող լուծել՝ աղբահանություն, ճանապարհաշինություն:
Խոսեցիք առկա վիճակի մասին, իսկ ի՞նչ կասեք օրենսդրական երաշխիքների մասին:
Օրենսդրական առումով ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր օրենսդրությունը չի զիջում չեխական օրենսդրությանը, եթե չասեմ, որ ավելի լավ է ու ճշգրիտ, քանի որ ավելի լրջորեն են հիմքերը ստեղծված՝ Եվրոպական խարտիային համապատասխան: Բայց մեր օրենսդրության մեջ ունենք բազմաթիվ թերություններ, որոնք պետք է շտկել: Չեխիայում կա մեկ լուրջ թերություն. համայնքները հանդիսանում են պետական կառավարման մարմիններ և իրենց պետական լիազորությունների մի զգալի մասը համայնքներում են իրականացվում, որի համար պետությունը փող է տալիս: Իհարկե, լիարժեք չի վճարում ու շատ գործ է պահանջում: Արդյունքւոմ ՏԻՄ-երի աշխատակիցների մեծ մասը զբաղվում է պետական լիազորությունների կատարմամբ: Այդ առումով մեր օրենսդրությունը ավելի լավն է, մենք չունենք պետական լիազորությունների ինստիտուտ, մենք ունենք պատվիրակված լիազորությունների ինստիտուտ, որն ավելի լավն է, կարգը սահմանում է օրենքով, և համապատասխան ֆինանսավորում պետք է լինի: Չնայած ՏԻՄ-երը 1996-ից ունեն պատվիրակված լիազորություններ, բայց, այնուամենայնիվ, այդ ֆինանսավորումը մինչ օրս չի իրականացվել, բացառությամբ մի երկու ծրագրերի` անասնաբուժության հետ կապված:
Դուք նշում եք, որ մեր օրենսդրությունը շատ ավելի հստակ է, բայց Չեխիայում ՏԻՄ-երը ավելի լավ են աշխատում, ո՞րն է պատճառը:
Պատճառն այն է, որ մեզ մոտ օրենքները չեն գործում, մեզ մոտ կենտրոնական իշխանությունները ոչ թե երկիր են կառուցում, ոչ թե ժողովրդավարություն են հաստատում, այլ բռնապետություն են կառուցում: Իրենք շատ լավ հասկանում են, որ ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ գործող համայնքը լուրջ վտանգ է բռնատիրական պետության համար, քանի որ ընտրությունները կեղծելու գործում լուրջ դեր ունեն համայնքները:
Սահմանադրորեն հստակ արձանագրված է՝ համայքնի ղեկավարը ենթակա չէ նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, որ դրանք ինքնուրույն գործող իրավահավասար սուբյեկտներ են: Օրենսդրությունը անկախության երաշխիքները տալիս է` բյուջեն առանձին է, դոտացիաները ֆիքսված են, որ 4 տոկոս պետական բյուջեի բանաձևով բաշխվելու է, հողի հարկը, գույքահարկը ինքնուրույն է հավաքում, ոչ չինովնիկի հետ գործ ունի, ոչ խնդրելու բան ունի: Լսած կլինեք՝ ասում են Երևանի քաղաքապետը ցուցում տվեց թաղային համայնքապետերին, նախագահը հանձնարարական տվեց տվեց Գյումրիի քաղաքապետին: Դրանք բոլորը հակաօրինական բաներ են: Այդպիսի իրավունքք չի տրված նրանց օրենսդրությամբ: Համակարգը 1996, 1997թ.-ից մինչև 2000 թ. կայացման փուլով էր գնում, 2000 թ.-ից այս կողմ ոչնչացվեց ու այսօր գոյություն չունի որպես այդպիսին: Համայնքի ղեկավարը անում է այն, ինչ ասում են վերևից: Համայնքի ղեկավարը ընտրությունների ընթացքում ավելի շատ գումարների հետ է առնչվում, քան այդ երեք տարվա համայնքի բյուջեն է: Սա փաստ է. կա օրենք, չկա դատական համակարգ, դատական համակարգը չկա, պաշտպանվածություն չկա: Պետական համակարգը ինքը պետք է շահագրգիռ լինի, որ իր կողմից ընդունված օրենքները կիրառվեն, բայց նա առաջինն է ոչնչացնում դրանք:
Թող մենք ունենայինք վատ օրենսդրություն, բայց օրենքը գործեր, թող մենք ունենայինք ավելի շատ թերություններով տեղական ինքնակառավարում, բայց օրենքը գործեր, դա մեզ հույս կներշնչեր, որ կամաց-կամաց, օրենքը բարելավելով, կաշառակերության դեմ պայքարելով, կհասնեինք արդյունքի: Բայց իշխանությունը ձգտում է համայնքները, մամուլի միջոցները, եկեղեցին, այսինքն՝ հանրային կառավարման բոլոր կառույցները քաշել իր հսկողության տակ, որպեսզի կարողանա բռնատիրական վարչակարգ հաստատել իրեն հարմար իշխանություններով, իսկ ՏԻՄերը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է: Եվրոպացիները մոտ 200 տարվա ՏԻՄ-երի գոյության պատմություն ունեն, մենք այդ 200 տարին պետք է 50 տարում անցնենք, իսկ դրա համար գլխավորը քաղաքական վճռի գոյութունն է: Մեզ մոտ չկա նպատակ, և միայն սահմանադրության մեջ է ամրագրվում, որպեսզի աշխարհին ասենք, որ մենք ՏԻՄ-երի մասին օրենսդրություն ունենք, բայց գործում ենք օրենքի դեմ և ամեն ինչ անում ենք, որ համայնքապետերը ստրուկի դերում լինեն: Իսկ այնտեղ համայնքի ղեկավարը լուրջ պաշտոն է, լուրջ պատիվ է լինել ժողովրդի ընտրյալը և ծառայել ժողովրդին:
Այնուամենայնիվ, ի՞նչ տվեց ձեզ այցելությունը, կա՞ ինչ-որ բան չեխական ՏԻՄ համակարգում, որ կարելի է վերցնել ու կիրառել մեզ մոտ:
Համակարգային իմաստով մենք Չեխիայից վերցնելու բան չունենք, քանի որ մենք ընդամենը մի մեծ պրոբլեմ ունենք` կենտրոնական իշխանությունների քաղաքական կամքը, որ վճռեն՝ պե՞տք է ունենանք, թե՞ ոչ ՏԻՄ-եր, հենց որ որոշեցին, որ պետք է ունենանք, համակարգը շատ արագ կկայանա:
Դուք նշեցիք, որ մեր օրենսդրությունը նույնպես ունի որոշ թերություններ, ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում:
Մենք առաջարկում ենք երկմակարդակ ընտրովի տեղական կառավարում, մարզպետարաննների լիազորությունների մի մասի փոխանցում միջհամայնքային կառույցներին, մի մասն էլ՝ կենտրոնական իշխանությանը: Մեր մարզպետարանները ահռելի աշխատակազմեր ունեն, ահռելի գումարներ են ծախսում, որ հարցնես՝ ի՞նչ եք անում, իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում: Մարզային կառավարումը` պետական կառավարման 2-րդ մակարդակը, փոքր երկրներում արդյունավետ չէ: Դրա համար մեր համայնքները պետք է խոշորացնել, կրճատել այդ համայնքների ղեկավարների թիվը և նրանց աշխատակազմը, և ազատված միջոցներն ուղղել դեպի ծառայությունների մատուցում, համայնքների բարելավում և զարգացում: Առաջարկում եմ ստեղծել տեղական կառավարման երկրորդ մակարդակ, որը զարգացման լուրջ նախադրյալներ կստեղծի: Եվրոպայում բոլոր երկրները, բացի Չեխիայից, գնացել են խոշորացման, մարդկանց հետ խոսել են, բացատրել, հանրաքվեներ են արել, ու նրանց քայլերը ապացուցել են, որ 2-րդ մակարդակի առկայությունը արդյունավետ է:
ՏԻՄ-երի և կենտրոնական իշխանության մեջ էական տարբերություն կա քաղաքացիների հետ անմիջական շփման առումով, արդյոք քաղաքացիների հետ շփման մեխանիզմները Չեխիայում ավելի՞ թափանցիկ են:
Այսպիսի մի հայտնի փաստ կա, որ պետության օրենքների առնվազն 80%-ը կյանքի է կոչվում տեղական կառավարման մակարդակում, քանի որ այնտեղ է ուղղակի շփումը ժողովրդի հետ, քանի որ ՏԻՄ-երը, որպես այդպիսին, կոչված են լուծելու քաղաքացիների առօրյա խնդիրները, բացի այդ՝ շատ մոտիկ է կանգնած այդ ընտրովի մարմինը իր բնակչին, քանի որ նույն համայնքում են ապրում: Գերմանիայում, օրինակ, կենտրոնական իշխանությանը վերապահված է 4 խնդիր` պաշտպանություն, պետական անվտանգություն, մաքսային քաղաքականություն, պետական իշխանություն: Մնացածը ամբողջությամբ ներքևում է, քանի որ դրանք ամենօրյա խնդիրներ են, քաղաքացին ի՞նչ գործ ունի գնա մարզպետարան, շրջան, կառավարություն:
Քաղաքացին ինչ խնդիր ունենում է, պետք է տեղում լուծի: Եթե կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ տեղում լուծել, մեխանիզմներ են ստեղծում, որ ինքը դիմի համայնքապետին ու նրա միջոցով լուծի: Չեխիայում զարմանում էին, որ ասում էինք անձնագիր մենք ոստիկանությւոնից ենք ստանում: Այնտեղ դիմում են համայնքի ղեկավարին, նա հավաքում է բոլոր պահանջվող փաստաթղթերը և բերում անձնագիրը շատ պաշտոնական ձևով հանձնում է քեզ: Համայնքի ղեկավարն է իրականացնում գրանցում և դուրս գրում, հաշվառում է կատարում, ինքը գիտի՝ քանի հոգի ծնվեց, քանիսը մահացավ, նա պետք է զբաղվի դրանով: Մենք քանի անգամ բարձրացրել ենք այդ խնդիրը Հայաստանում:
Չեխիայում քաղաքացիների հետ աշխատելու համար թափանցիկություն ու հրապարակայնություն կա, քանի որ պայքարում են դրա համար: Եվ ամեն ինչ անում են, որ շփումը երկար չտևի ու կոռուպցիոն ռիսկեր չծնի:
Մեզ տարան մի քաղաք և ցույց տվեցին իրենց մոտ գործող «Մեկ պատուհանի համակարգը»: Քաղաքացին գալիս է, դիմումի ձևը լրացնում է, դիմումը ընդունում են համակարգչով, փոխանցում են համապատասխան բաժին, ու նա գիտի, որ 7 օր հետո գալու է գրավոր իր պատասխանը ստանա կամ մերժումը հիմնավորումով, որով նա կարող է մտնել ուղղակի դատարան: Այսինքն՝ նա չի շփվում բուն չինովնիկների, որոշումներ ընդունողների հետ: Դա մի փոքրիկ հրաշք էր: Իսկ մեր քաղաքապետարանում գործող այդ «Մեկ պատուհանի համակարգը» խայտառակություն է: Այստեղ քաղաքացու հետ հարաբերվում են այնպես, որ քաղաքացու հետ հարաբերվելիս հանկարծ որևէ ծառայություն անվճար չլինի: Գիտեք, երբ համայնքի ղեկավարը համոզված է, որ իր ապագա ընտրությունը կախված չէ ընտրողներից, այլ կախված է պետական իշխանության կառույցներից` հարկային, մաքսային, ոտիկանություն, ինքը ծառայում է նրանց, քաղաքացին ոչինչ է նրա համար: Իսկ եթե քաղաքացուց կախված լինի իր ապագա ընտրությունը,ամեն ինչ կանի, որ խնդիրը լուծի օրենքով սահմանված կարգով:
Ինչու՞ մեզնում այս համակարգը չի աշխատում, տեղական մակարդակով լուծելու խնդիրներ չեն տեսնու՞մ:
Մեր երկրում ժողովրդավարություն չկա, ինչի՞ համար հանրաքվե անեն, եթե նրանց հետաքրքիր չէ ժողովրդի կարծիքը, առավել ևս, որ ժողովուրդը ճշմարտության մոտ է մտածում, իսկ իրենց պետք է թաքուն, մութ գործեր անել: Երբ որ օրենք էինք գրում, ասացին՝ լավ, այդ էլ գրեք, եթե ուզում եք: Իսկ պետական մակարդակով են հանրաքվեներ անցկացվել: Եթե ամեն նախագահ չուզենա սահմանադրության մեջ իր փոփոխությունները չանել, հանրաքվե ընդհանրապես չի լինի: Եկեք սահմանադրորեն ամրագրենք, որ սա բռնապետություն է, գոնե կիմանամ, որ դահիճը այստեղ պետք է նստի, եթե ես էլ նրա ստրուկն եմ, թե չէ՝ ձևեր ենք խաղում, ինչի՞ համար:
Ձեր մատնանշած խնդիրները ինչպե՞ս պետք է լուծել, եթե ասում եք, որ օրենքը չի գործում, չկան պաշտպանության մեխանիզմներ:
Պետք է մի անգամ ժողովուրդը հաղթի, մի անգամ դա լինում է, երբ որ հեղափոխություն է լինում. հետո գնում է ճահճացում, հետո մի անգամ էլ ժողովուրդը կհաղթի, ու ժողովրդավարական ընտրությունները կդառնան նորմ: Սա ամենագլխավորն է: Դրանից հետո էլ կարող են լինել ցնցումներ, բայց կարևորը ընտրական համակարգը գործի:
Հարցազրույցը՝ Աստղիկ Խաչատրյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել